Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայ, մամա′ ջան, հարգելի′ մեղադրող, չեմ պատասխանելու․ ուզում ես մինչև իրիկուն հարց տուր»․ Արմեն Աշոտյանի գործով վկա

Մարտ 04,2025 17:28

«Օգտվելով իմ՝ լռելու իրավունքից, հրաժարվում եմ ցուցմունք տալ՝ ի պատասխան Ձեր հարցերի»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց գործով վկա Վաչիկ Սաղաթելյանը։

Նա նշեց՝ իրավունք ունեմ ցուցմունք չտալ։ Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը (լուսանկարում) արձագանքեց․ «Լռելու իրավունք ունի վկան, եթե ողջամտորեն կարծում է, որ իր ցուցմունքը կարող է օգտագործվել իր, իր ամուսնու և մերձավոր ազգականի դեմ»։

Վաչիկ Սաղաթելյանն ասաց․ «Մեր ՍՊԸ-ի փաստաթղթերն այս գործով քննիչը վերցրել է ու մինչ օրս չի վերադարձրել։ Ես էլ մտածում եմ, որ կարող է իմ ցուցմունքն օգտագործվել իմ դեմ»։ Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հարցրեց՝ ո՞ր ՍՊԸ-ի, վկան պատասխանեց․ «Նավասարդ ՍՊԸ-ի փաստաթղթերը։ Ամբողջ հաշվապահական փաստաթղթերը վերցրել են ու հետ չեն վերադարձրել»։ Մյուս հարցին՝ ո՞ր գործի շրջանակներում են վերցրել փաստաթղթերը, փաստաբան Երվանդ Վարոսյանն այսպես պատասխանեց․ «Քննիչը սույն ՍՊԸ-ի թղթաբանությունն առգրավել է սույն գործով։ Քանի որ հենց այս գործի շրջանակում են առգրավել փաստաթղթերը, և մինչ օրս ուսումնասիրություն է տեղի ունենում, վկան ողջամտորեն, իրավաչափորեն ենթադրելու իրավունք ունի, որ այս գործով առհասարակ ՍՊԸ-ի վերաբերյալ իրեն վերաբերող ցանկացած փաստ, որը կարող է բարձրաձայնվել, չի բացառվում, որ օգտագործվի նաև իր դեմ»։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց, այնուամենայնիվ, հարցեր տալ վկային։

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, դիմելով Վահե Դոլմազյանին, այս առիթով առարկություն ներկայացրեց․ «Ձեր՝ այս մոտեցմամբ Դուք լռության իրավունքը զրոյացնում եք, սահմանադրական իրավունքը, կներեք, դառնում է չուլ։ Շատ հարցեր կարող են տրվել, որոնք վկայի հետ առաջին հայացքից կամ առհասարակ կարող են իր հետ կապ չունենալ։ Բայց մտավախությունն ընդհանուր է, այն, որ կարող են լինել հարցեր իր դեմ, իսկ վկան իրավաբան չէ, ինքն ունի ընդհանուր մտավախություն, դա, եթե իրավաչափ է, լռության իրավունքը պետք է գործի։ Այդ իրավունքը Դուք զրոյացնում եք, այն դառնում է անիմաստ իրավունք»։

Վահե Դոլմազյանը Տիգրան Աթանեսյանին ասաց․ «Ձեր առարկությունը արձանագրվեց։ Դատարանը ոչ Սահմանադրությունը, ոչ էլ օրենքի որևէ նորմ չի խախտում»։

Տիգրան Աթանեսյանը ցանկանում էր միջամտել, Վահե Դոլմազյանն ասաց․ «Թույլտվություն են ստանում, հետո խոսում»։ Վահե Դոլմազյանը հորդորեց՝ Ձեր պրոֆեսիոնալիզմին համահունչ փորձեք Ձեր քայլերն իրականացնել։ Տիգրան Աթանեսյանն էլ արձագանքեց՝ այդպես էլ անում եմ։ Վահե Դոլմազյանը բորբոքվեց․ «Մյուս անգամ առանց դատարանի թույլտվության տեղից խոսելու համար Ձեր նկատմամբ կարող են կիրառվել դրանից բխող դատավարական սանկցիաներ»։

Վահե Դոլմազյանը պնդեց․ «Լռելու իրավունք ունի մեղադրյալը և կասկածի շուրջ հարցաքննվող անձը։ Վկան լռելու իրավունք ունի բացառապես այն դեպքում, երբ կարծում է, որ իր կողմից հայտնած տեղեկությունները կարող են օգտագործվել իր, իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ։ Բայց դա չի զրկում հարցաքննողին հարցեր տալ վկային։ Հետևաբար Ձեր առարկությունը չի բխում քրեական դատավարության օրենսգրքից կամ Ձեր ասած՝ լռելու իրավունքից»։

Այնուամենայնիվ, նախագահող դատավորը որոշեց, որ վկային պետք է հարցեր տան։ Մեղադրող դատախազը հարցրեց՝ ճանաչո՞ւմ ՞ք այն ժամանակվա ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանին, Վաչիկ Սաղաթելյանը պատասխանեց․ «Վայ, մամա′ ջան, հարգելի′ մեղադրող, չեմ պատասխանելու, ուզում ես մինչև իրիկուն հարց տուր։ Իմ իրավունքն է հարցերին չպատասխանելը, ցուցմունք չտալը, չեմ տալիս»։

Դատախազն էլ նշեց․ «Հարց տվեցի, որպեսզի համոզվենք, որ վկան հրաժարվում է ցուցմունք տալուց։ Մնացածի մասին ես հայտարարություն կանեմ»։

Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31