Ժամանակակից ստեղծագործական աշխարհում գրեթե անհնար է մշակութային մասնագիտական բարձր դիրք գրավել՝ առանց միջազգային ամենատարբեր հարթակներում ելույթներ ունենալու: Հնում էլ կար այդ երևույթը, որ քո երկրում հասարակական կշիռ ունենալու համար պիտի կարողանայիր գրավել այլ երկրների հանդիսականների սրտերը: Բայց, այսպես կոչված, հին ժամանակները, որ ամենաշատը, թերևս կես դարն է, հնարավոր չէ համեմատել ներկա աշխարհի մշակութային տեղաշարժերի անսահման հնարավորությունների հետ: Ժամանակակից բաց աշխարհը ոչ միայն հնարավորություն է տալիս հանդես գալու ավելի շատ երկրներում, այլև այդ հանգամանքը գրեթե պարտավորեցնում է, որ արվեստագետը ակտիվորեն մասնակից լինի միջազգային նշանակության իրադարձություններին: Այդ մասնակցությունը ավելի բարձր հարգ, վարկ ու կշիռ է տալիս արտիստին, սակայն այն չափազանց դժվար է կազմակերպելը, մասնակցության ֆինանսավորումներ գտնելը և ժամանակի ընթացքում ոչ թե մեկ անգամ մասնակցել այդ կարգի իրադարձություններին, այլ այդ գործելակերպը դարձնել մասնագիտական աշխատանքի բաղադրիչ: Չափազանց դժվար է իրականացնել առաջին քայլերը, մինչև որ գործը կհասցվի մի այնպիսի աստիճանի, որ կազմակերպական խնդիրները կլուծի ոչ թե անձամբ ինքն արվեստագետը, այլ այդ բարդ խնդրով կսկսի զբաղվել մշակութային միջոցառումների կազմակերպիչ մասնագետը` իմպրեսարիոն, որը տիրապետում է միջազգային մշակութային կյանքի բարդ ցանցին: Բոլոր դեպքերում, արվեստագետներից շատերը ստիպված են լինում կազմակերպական գործունեությունը իրականացնել միայնակ, քան դիմել իմպրեսարիոյի, որին գտնելը դյուրին չէ, բարդ գործ է:
Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, սոպրանո Սիլվա Պետրոսյանը, որն արդեն տասը տարի հանդես է գալիս թատրոնի խաղացանկային ներկայացումներում` գլխավոր դերերգերով, ինչպես նաև մեկ-երկու անգամ պրեմիերային բեմադրություններում, ստեղծագործական կյանքում երբևէ չի համագործակցել իմպրեսարիոյի հետ: Սակայն, ինչպես ասում են նման դեպքերում` նրա բախտը բերել է, քանի որ մեր մաեստրոներից երկուսը` Կարեն Դուրգարյանն ու Էդուարդ Թոփչյանը երգչուհու առաջին բեմելներից նկատել են նրան և ակամայից ստանձնել «իմպրեսարիոյի» դերը:
Կարդացեք նաև
Սիլվա Պետրոսյանը նկատվում էր կամ իր արվեստով առանձնանում դեռևս Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարանում սովորելու տարիներին և նրա առաջին դերերգը` Սերաֆինան Դոնիցետիի «Զանգակ» օպերայում կայացավ 2014թ. կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում, «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում:
Դրանից առաջ, եթե ճիշտ ենք մտաբերում, նա մասնակցեց Տաթևիկ Սազանդարյանի և Պավել Լիսիցյանի անվան մրցույթին, կոմիտասյան կատարումով գերելով ժյուրիի անդամներին, որի արդյունքը եղավ «Կոմիտասի լավագույն կատարման համար մրցանակը»: Շատ չանցած՝ սոպրանոն փայլեց նաև Մոսկվայում կայացած «Vox Artist Moscow» միջազգային հարթակում:
Դարձյալ շատ չանցած, 2022թ. RCF մշակութային փոխանակման շրջանակներում մեկնեց ԱՄՆ, ելույթներ ունեցավ մի քանի նահանգներում, այդ թվում` Օհայո, Ֆլորիդա, Միչիգան և այլն, ինչպես նաև մայրաքաղաքում` Վաշինգտոնում: Նրա արտասահմանյան համերգները շարունակություն ունեցան ՌԴ-ում, Հունաստանում, Վրաստանում և այլուր:
Վերադառնանք երգչուհու աշխատավայր` օպերային թատրոն, իհարկե երկար ժամանակ կպահանջվի թվարկել նրա մեկը-մյուսից տարբեր խաղացած կերպարները, բայց այնուամենայնիվ արժե մի քանիսը թվարկել, որոնց կատարման նկատմամբ մասնագետներն ու հանդիսատեսը մեղմ ասած` անտարբեր չէին: Դրանք են Սոման (Տերտերյան «Սոմա»), Միքայելան (Բիզե «Կարմեն»), Լիուն (Պուչինի «Տուրանդոտ»), Միմի (Պուչինի «Բոհեմ»), Վիոլետա (Վերդի «Տրավիատա»), Բաթերֆլայ (Պուչինի «Մադամ Բաթերֆլայ»), Սյուզան Վալադոն (Ազնավուր «Լոտրեկ») և այլն:
Իմիջիայլոց, երգչուհին ժամանակին հանդիսացել է օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար` Լևոն Ջավադյան) մասնակից և առաջին անգամ թատրոնում, Կարինեի գլխավոր դերերգով ներկայացել է հանդիսատեսին (Չուխաճեան «Կարինե»), իսկ 2017թ. այդ դերերգը ներկայացրել է Ստոկհոլմում անցկացվող ICVT միջազգային կոնգրեսի մասնակիցներին, հյուրերին:
Սոպրանոյի մասնակցությամբ երևանյան, մարզային և արտասահմանյան ելույթների թվում արժե նշել նրա բեմելները ներկայանալի, պարտավորեցնող համերգներին, օրինակ՝ 2023թ. Սանկտ-Պետերբուրգում, Միխայլովյան թատրոնում, երբ նշվում էր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, կայացած գալա համերգին ներկայացել էին մեր թատրոնի բալետային խումբը, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը և սոպրանո Սիլվա Պետրոսյանը, որոնք հանդես եկան տեղի նվագախմբի հետ, իսկ դիրիժորական վահանակի մոտ էր մաեստրո Դուրգարյանը:
Երգչուհին մաեստրո Թոփչյանի կողմից ընդգրկված է եղել ոչ միայն նրա ղեկավարությամբ օպերաների (Վերդի «Ռիգոլետո», Պուչինի «Մադամ Բաթերֆլայ») կատարումներին, այլ գալա համերգների, որտեղ ելույթ են ունեցել աշխարհահռչակ մեր երաժիշտներից` ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և այլն:
Մեր հետաքրքրությանն ի պատասխան թատրոնից հայտնեցին, որ այժմ սոպրանոն պատրաստում է Դեզդեմոնայի դերերգը Վերդիի «Օթելլո» -ում:
Անդրադառնալով իմպրեսարիոների դերակատարմանը կամ գործառույթին, նշենք, որ այս ինստիտուտը այդպես էլ չկայացավ մեզ մուտ, բայց գուցե դրա կայացման ժամանակն էլ տասնամյակներ անց, բայց կգա:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Սիլվա Պետրոսյանը տարբեր ներկայացումներում