Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում խոշտանգումների գնով կորզվող ցուցմունքները իրավաբանական տեսանկյունից չունեն որեւէ նշանակություն. Արցախի ՄԻՊ

Մարտ 04,2025 16:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում պահվող գերիների եւ պատանդների հայրենիքի վերադառնալու պահանջով բողոքի գործողություններ են իրականացվում: Հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ նամակներ են ստորագրել, որոնք հանձնվում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին:

«Պաշտոնապես այդ պահանջը կարծես դեռ չկա ձեւակերպված, ընդամենը թելեգրամյան ալիքներով է տարածվել այդ տեղեկատվությունը, բայց ես չեմ զարմանա, որ նաեւ պաշտոնական նման պահանջ լինի, մանավանդ մշտապես կոնկրետ Կարմիր Խաչի մասով ադրբեջանական կողմը փորձել է փակել թե Ստեփանակերտի գրասենյակը, հիմա տեսնում ենք, որ խոսում է նաեւ այլ գրասենյակներ փակելու մասին »,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչ է սպասվում, եթե Ադրբեջանի պահանջով Բաքվից հանվեն Կարմիր Խաչի եւ ՄԱԿ-ի գրասենյակները:

«Ըստ էության, այն, ինչ քիչ առաջ բարձրաձայնվեց ՀՀ արտգործնախարարության առաջ եւ Շվեյցարիայի դեսպանության առաջ է բարձրաձայնվում, մեխանիզմներից մեկն է, որ հանկարծ եթե նման բան լինի, ունենանք հնարավորություն հյուպատոսական հասանելիություն՝ այլ պետությունների միջամտությամբ, այլ պետությունների խողովակներն օգտագործելով… Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ բոլոր հնարավոր խողովակներից պետք է օգտվել…Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանից հետո կխզի բոլոր հարաբերությունները, օրինակ, Շվեյցարիայի կամ այլ երկրների հետ…Մեզ անհրաժեշտ է լինելու նաեւ, որ Շվեյցարիայում ապրող մեր հայրենակիցները եւ այնտեղ գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները եւս իրենց կառավարությանը նման պահանջով դիմեն եւ հանդես գան»,-ի թիվս այլնի՝ ասաց Գեղամ Ստեփանյանը:

Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաեւ Լեւոն Մնացականյանի եւ Արայիկ Հարությունյանի ցուցմունքներին. «Բաքվում անձանցից նրանց կյանքի ուղիղ սպառնալիքների, խոշտանգումների, կտտանքների, անմարդկային վերաբերմունքի գնով կորզվող ցուցմունքները չունեն որեւէ նշանակություն իրավաբանական տեսանկյունից: Երեկ խոսվեց նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից, պահանջ հնչեց՝ ազատելու բոլոր ապօրինի կամայական դատապարտվածներին եւ ապահովել արդար դատաքննության իրավունքը: Սա խոսում է այն մասին, որ ՄԱԿ-ի ամենաբարձր պաշտոնյան մարդու իրավունքների պաշտպանության հարցով եւս հավաստում է եւ ուղերձ է հղում, որ այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, ապօրինի է, եւ դրա հետեւանքով կայացված վճիռները որեւէ իրավաբանական հետեւանք ունենալ չեն կարող»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31