Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսել ենք կադրեր, որ Ռուբեն Վարդանյանն ակնհայտորեն խոշտանգված է, Բակո Սահակյանի առաջին ատամնաշարը կիսով չափ չկա»․ Թագուհի Թովմասյան

Մարտ 04,2025 16:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք տեսել ենք կադրեր, որ Ռուբեն Վարդանյանն ակնհայտորեն խոշտանգված է, տեսել ենք կադրեր, որ նրա գլխին երկաթյա ինչ-որ բան են տեղադրել եւ ըստ հասարակական կազմակերպությունների հայտարարությունների՝ տանջել են, նաեւ տեսել ենք կադրեր, որ Բակո Սահակյանի առաջին ատամնաշարը կիսով չափ չկա․ սրանք այն տեսանելի փաստերն են, որոնք վկայում են, որ հայ գերիները խոշտանգվում են Բաքվի բանտում»,- այսօր խորհրդարանում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին դիմեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ-ն, Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց խոշտանգումները կանխելու, ֆարս-դատավարությունների ուղղությամբ։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ահազանգեր կան, որ հայկական կողմը ոչինչ չի անում։ Նա նաեւ հեգնանքով վկայակոչեց իշխանական շրջանակների հրապարակային հայտարարությունները, թե գերիների մասին պետք չէ շատ հրապարակային խոսել՝ նկատելով, որ որքան հայկական կողմը հրապարակային չի խոսում, գերիներն այնքան ավելի շատ են խոշտանգումների ենթարկվում։

Եղիշե Կիրակոսյանը հավաստիացրեց, որ միջպետական գանգատը դեռ 2023 թվականից է ներկայացված. «Ժամանակին մենք միջպետական գանգատ ներկայացրել ենք, որը ներառում է նաև գերիների կտորը։ Բայց նաև ունենք առանձին ամբողջական գանգատը, որի գրավոր փուլը ավարտվել է նախորդ տարվա ավարտին` դեկտեմբերին: Ունենք կիրառված միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որի շրջանակներում պարբերաբար ստանում ենք տեղեկություն պահվող անձանց վիճակի մասին, նրանց առողջականի, պահման պայմանների մասին: Վերջին տվյալները ստացել ենք փետրվարի սկզբին: Դրանից հետո, բնականաբար, մենք հետեւում ենք մամուլում շրջանառվող որոշ տեսանյութերի, նկարների, ինչը Դուք նշեցիք. դրանք ուշադրությամբ ուսումնասիրվում են, ուշադրության կենտրոնում են: Եվ դրանք էլ ներկայացնում ենք Եվրադատարանի ուշադրությանը` պահանջելով, որ պարտավորեցնի, լրացուցիչ տեղեկություններ տրամադրի ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, ԼՂ նախկին ղեկավարության, այլեւ Բաքվում պահվող բոլոր անձանց մասին: Մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ` պահվող այլ անձանց իրավունքների հետ կապված, եւ այդ մասով աշխատանքները շարունակվում են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Արցախցի դիմածնոտային վիրաբույժ Սասուն Վահանյանը, որը Ստեփանակերտում մի քանի անգամ վիրահատել է Բակո Սահակյանին, «Հրապարակ»-ին վստահեցրել է. «Առջեւի ատամներն իրենն են եղել, իմպլանտներ տեղադրված չէին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31