Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա Նիկոլ Փաշինյանի հոր դուքյանը չէ, որ ոնց ցանկանա, այդպես էլ որոշի»․ պատգամավորները դատարանում վիճարկում են ԱԳՆ որոշումը

Մարտ 04,2025 16:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչական դատարանում ընթանում է ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունը։ Այս հայցով պատգամավորները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

Նախքան նիստի մեկնարկը՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողներին ասաց․ «Կա օրենք, ի վերջո, մենք ունենք իրավունք՝ ծանոթանալու փաստաթղթին։ Եվ նաեւ ուզում ենք ցույց տալ հանրությանը 2018 թվականի օգոստոսի 17-ի եւ այսօրվա Նիկոլ Փաշինյանի այդ ամբողջ խայտառակ տրանսֆորմացիան։ 2018 թվականի օգոստոսի 17-ին ասում էր՝ ցանկացած լուծում հրապարակում ժողովրդի հետ եմ քննարկելու, 3 մլն վարչապետ եք… Այսօր ոչ միայն 3 մլն վարչապետերը, նույնիսկ խորհրդարանի պատգամավորները զրկված են այդ ամբողջ գործընթացին ծանոթանալուց, որը միայն ու միայն զիջումների քաղաքականություն է»։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, որ պատգամավորներին արգելվել է ծանոթանալ փաստաթղթի նախագծին, ասել էր՝ «լավ եմ արել, արգելել եմ»։

Գեղամ Մանուկյանն ի պատասխան ասաց. «Իրականում նրա՝ «լավ եմ արել» արտահայտությանը պատասխան տրվել է հենց իրեն, որ դա իր հոր դուքյանը չէ, որ ոնց ցանկանա, այդպես էլ որոշի»։ Նա նշեց, որ դատարան դիմելու քայլն այս իշխանությունների դեմ պայքարի միջոցներից մեկն է։

Մանուկյանն ասաց, որ իրենք ուզում են ծանոթանալ այդ փաստաթղթին, որպեսզի տեղյակ լինեն բոլոր խութերի մասին։ Նախկինում, երբ հնարավորություն են ունեցել ծանոթանալ, անզեն աչքով երեւացել են այն բոլոր խութերը, որոնք այսօր կան։

«Այն փաստաթղթին, որը բանակցվում է, տողատակերով պետք է ամբողջությամբ ծանոթանալ։ Հասկանում ենք, որ այն նախնական տարբերակները, որոնք կային, դրանից բավականին բան է փոխվել։ Ամեն անգամ գաղտագողի փոխելով՝ նորանոր զիջումների են գնում»,- հավելեց նա։

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ապաշրջափակման մասին այսօրվա հոդվածին։ Նա ասաց, որ դա անպատասխան հոդվածների շարք է, զառանցանքի շղթա։ «Այդպես անպատասխան հոդվածները գրվում են, փոխարենն Ադրբեջանից ստանում են սպառնալիքներ, նորանոր նախապայմաններ Հայաստանին»,- նշեց նա։

Ըստ Մանուկյանի՝ եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի հետ պետք է բանակցել, հարցը բանակցության օրակարգն է։ «Ասում են՝ առանց նախապայմաններ ենք Թուրքիայի հետ բանակցում։ Մի՞թե առանց նախապայմանների է, եթե առանց նախապայմանների է, այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիայի կողմից առաջադրված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն այս իշխանության քաղաքականությունը։ Առանց նախապայմանների են բանակցում, այդ դեպքում իրական ու պատմական Հայաստանի հակադրումը, Արարատի ու Արագածի հակադրումն ինչի՞ համար է, չէ՞ որ դրանք թուրքական նախապայմաններ են։ Նույն Ադրբեջանի հետ բանակցություններն իրականում միակողմանի զիջումների քաղաքականություն են»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31