«Որքան ավելի ներքին դաշտում այս թեման աճում է, այդքան Ադրբեջանը կարող է այս խաղաքարտն օգտագործել եւ բարձր քաղաքական գնով վաճառել մեր գերիների վերադարձը, բայց հակառակ միտումն էլ ենք մենք տեսնում. որքան լռում ենք, ու հանրությունը չի խոսում, այնքան քաղաքական իշխանությունը հանգիստ վիճակում է լինում եւ որեւէ քայլ չի կատարում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար եւ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, որը մասնակցում էր ՀՀ արտգործնախարարությանը եւ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությանը նամակներ հանձնելու գործողություններին:
«Ես կարծում եմ, որ այս իրավիճակում ավելի ճիշտ է խոսել, բարձրաձայնել, ճնշել, պարտադրել թե ՀՀ իշխանություններին, թե բոլոր հնարավոր միջազգային արտյաններին, որ այս խնդիրն օրակարգային լինի: Իսկ Ալեն Սիմոնյանի ասածն, իմ կարծիքով մեր լռության պատնեշի հետեւում թաքնվելու փորձ է: Ես վստահ եմ, որ կան եւ կարող են լինել փակ գործընթացներ, բայց դրանք որեւէ ձեւով պետք է նաեւ տեսանելի լինեն, ու քիչ թե շատ արդյունքը տեսնենք:
Եթե կա այսբերգ, այսբերգն ունենում է նաեւ վերեւի հատված: Ցույց տվեք այդ վերեւի հատվածը, որպեսզի վստահ լինենք, որ բավարար աշխատանքներ կատարվում են: Նաեւ երբեւէ մի խոսեք միջազգային իրավական գանգատները հետ վերցնելու մասին, եթե իրոք ամեն ինչ անում եք…Երբ մի կողմից միջազգային գանգատներն են ուզում հետ վերցնել, մյուս կողմից թիրախավորում են այնտեղ գտնվող տարբեր անձանց՝ վարչապետի, պատգամավորների մակարդակով, ընդ որում եւ անվանական, եւ ոչ անվանական, մենք ինչպե՞ս հավատանք, որ իրենք ամեն ինչ անում են»,-նշեց Արտակ Բեգլարյանը:
Հավելենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, և դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնությանը, լիազորելով Հայաստանի Հանրապետության անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:
Կարդացեք նաև
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին ուղղված նամակում նշվում է, որ հաշվի առնելով Շվեյցարիայի համար միջազգային մարդասիրական իրավունքի կարևորությունը և բարդ իրավիճակներում չեզոք միջնորդի դեր ունենալու նրա փորձը՝ ներկայացվում է խնդրանք, որպեսզի իր երկիրը ևս մեկ անգամ իրականացնի միջազգային չեզոք միջնորդի իր դերը և հյուպատոսական ծառայության հասանելիություն ապահովի հայ գերիների համար: Նամակները ստորագրել են հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ