Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային նախագծեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում ներկայացվել են 8 ոլորտների 35 մրցութային և 22 նպատակային հաստատված ծրագրերը: Պետության կողմից մշակութային նշյալ ծրագրերին հատկացված ընդհանուր բյուջեն կազմում է 937 մլն 204.7 հազար ՀՀ դրամ:
Նախարարության դրամաշնորհային մրցույթներում հաղթած նախագծերի ներկայացման նպատակը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթությունների և կարևոր ուղղությունների շեշտադրումն է, դրամաշնորհային ծրագրերի միջոցով ֆինանսավորում ստացած նախագծերի հեղինակների, աշխատանքային խմբերի հետ ծանոթացումը, նախագծերի մասին հանրային իրազեկման բարձրացումը:
«Այս միջոցառումը նպատակ ունի մեկ հարթակում միավորելու արվեստի և մշակույթի տարբեր ոլորտների գործընկերներին՝ միմյանց ճանաչելու և ամբողջապես պատկերացնելու, թե ինչին է ուղղված մշակութային քաղաքականությունը: Այս հանդիպումը հնարավորություն է՝ տեսանելի դարձնելու ծրագրերը, ցույց տալու, թե ինչ է մեզ սպասվում տարվա ընթացքում, իսկ մեզ համար՝ հասկանալու, թե ինչին ենք ուղղել մեր ջանքերը և ինչպես պլանավորենք մեր հետագա աշխատանքը»,- բացման խոսքում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Մշակույթի զարգացման ռազմավարության համատեքստում նախարարն ընդգծել է մշակույթի ներկայությունը հանրային կյանքում տնտեսական իմաստով ավելի զգալի դարձնելու կարևորությունը:
«Մշակույթը հանրային զարգացմանն ուղղված ամենաինքնաբավ ոլորտներից է: Նախարարությունն իր տարբեր նախաձեռնություններով պետք է նպաստի մշակույթի ինքնաբավության զարգացմանը և հասարակական կյանքում դրա ազդեցության մեծացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Մշակութային քաղաքականության արդյունավետության համատեքստում նա կարևորել է ծրագրերի կենսունակության ապահովումը՝ շեշտելով, որ, մասնավորապես, խրախուսելի են ԿԳՄՍ նախարարության և տարբեր գործընկերների աջակցությամբ և համագործակցությամբ իրականացվող նախագծերը:
Նախարարն առանձնահատուկ կարևորել է մշակութային կյանքի ապակենտրոնացումը, ինչին էլ, ըստ նրա, միտված են պետական աջակցություն ստացող մի շարք ծրագրեր: Ժաննա Անդրեասյանը շեշտել է նաև մշակութային ծրագրերում կրթական բաղադրիչ ներառելու, ինչպես նաև նոր գաղափարներ ներկայացնելու պահանջը:
«Անհրաժեշտություն է, որ ծրագրերն ունենան կրթական բաղադրիչ՝ բավարար մակարդակի վրա պահելով կրթության և մշակույթի համագործակցությունը: Մեր համոզվածությունն այն է, որ երեխաների ներգրավումն առանձնահատուկ կարևորություն ունի նրանց զարգացվածության, մշակույթի ճանապարհով գիտելիք ձեռք բերելու, ճանաչողությունը բարձրացնելու առումով»,- ասել նա:
Շնորհանդեսի ընթացքում դրամաշնորհային մրցույթներում հաղթած մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են 2025 թվականի ծրագրերը` մանրամասնելով դրանց բովանդակությունը, ստեղծագործական ու կրթական արժեքը, ակնկալվող արդյունքը:
Հաղթող կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել պետական աջակցության համար՝ նշելով, որ դա հավելյալ պատասխանատվություն է իրենց աշխատանքն առավել նպատակային և համակարգված իրականացնելու համար՝ ի նպաստ երկրի մշակութային կյանքի զարգացման:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ