«Ապառաժ». Արցախահայության շրջանում շարունակվում են մտավախություններն առաջիկայում սպասվող դժվարությունների վերաբերյալ։ Սոցիալական հարթակներում մարդիկ չեն դադարում իրենց դժգոհությունները հայտնել, քանի որ ապրիլից արցախահայության զգալի մասը կհայտնվի սոցիալապես առավել ծանր վիճակում՝ հաշվի առնելով, որ կզրկվի պետության կողմից տրվող միակ ֆինանսական աջակցությունից։
Զրուցակիցս, չցանկանալով բացահայտել իր ինքնությունը, խոսում է այն մարդկանց անունից, ովքեր շուտով կհայտնվեն անելանելի դրության մեջ։ Տեղահանված կինն Արցախում պետական աշխատող էր։ 2023-ի բռնատեղահանումից հետո հաստատվել է ՀՀ Կոտայքի մարզում։
Ապրում է միայնակ և մի կերպ հոգում իր կարիքները։
-Նախ ուզում եմ անդրադառնալ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրին։ Ինչպես հասկանալ այն մարդկանց մտածելակերպը, ովքեր նման որոշում են կայացրել։ Մեկ հոգանոց իմ ընտանիքն ինչպես կարող է տուն ձեռք բերել։ Ես և իմ նմանները երբեք չեն կարողանա օգտվել այդ ծրագրից, որովհետև այն անիրական է ու ծաղր՝ արցախահայության հանդեպ։ Տրամադրվող գումարով, եթե անգամ մեկ հոգու համար նախատեսվի 4 մլն դրամ, միևնույն է՝ անհնարին է տուն գնել։ Նույնը կարող եմ ասել 1-3 հոգանոց ընտանիքների մասին, որոնք բավականին քանակ են կազմում տեղահանված արցախցիների թվում։
Կարդացեք նաև
Իսկ այն, որ արցախցիների մի մեծ խմբի համար շուտով 50 հազար դրամ աջակցության ծրագիրը կավարտվի, ինքնին մտավախություն է առաջացնում յուրաքանչյուրիս մոտ։ Շատերս կկանգնենք փաստի առաջ ու կհայտնվենք փողոցում։
Եվ այս պահին տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությունը և սոցիալական խնդիրների կարգավորումը պետք է լինի ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրը։ Այլապես՝ տեղի կունենա վատթարագույնը․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: