Լրահոս
Օրվա լրահոսը

Չօգտագործել քարոզարշավը՝ հասարակության տարբեր հատվածների միջև նոր բաժանարար գծեր ստեղծելու համար. ՀՌՀ

Մարտ 04,2025 14:55

Նպաստել քաղաքացիական համերաշխությանը

2025 թվականի մարտի 30-ին տեղի են ունենալու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ նախընտրական պայքարն, այդ թվում լրատվամիջոցներում, արդեն ընթանում է: Ցավով պետք է արձանագրենք, որ հաճախ հայկական մեդիայի քարոզչական բովանդակության առաջնություններից է ոչ թե ծրագրերին, գաղափարներին, տեսլականին ազատ մրցակցային հարթակ տրամադրելը, այլ ատելության խոսքը, մրցակցին ոչնչացնելու մոլուցքը, արհամարհանքը հակառակորդի նկատմամբ։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին՝ հորդորելով օպերատիվ ու ամբողջակական ծավալով ապահովել տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը, հարգել` խոսքի ազատության հիմնարար սկզբունքները։

Միաժամանակ, կարգավորող մարմինը կոչ է անում բոլոր տեսալսողական մեդիածառայություններ մատուցող ընկերություններին նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել՝ բազմակարծություն, օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանի ու հերքման հնարավորություն, պահպանել ընդունված մասնագիտական էթիկայի սկզբունքները:

Հանձնաժողովը, կարևորելով ընտրողների իրավունքները տեղյակ լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ծրագրերին, հետևելու է, որ իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անշեղորեն գործեն «ՀՀ ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքին և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին համապատասխան: Ինչպես նաև առաջնորդվեն Հանձնաժողովի կողմից 21․02․2025 թվականի N12-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանության» դրույթներով:

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում նպաստել քաղաքացիական համերաշխությանը, չօգտագործել քարոզարշավը՝ հասարակության տարբեր հատվածների միջև նոր բաժանարար գծեր ստեղծելու համար։

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31