Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնկալում ենք, որ Թուրքիան սեղմ ժամկետներում կբացի սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ»․ Սարգիս Խանդանյան

Մարտ 04,2025 14:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր դիրքորոշումն ու ազդակները Թուրքիային շատ հստակ են, մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հաստատել հարաբերություններ։ Եվ ակնկալում ենք, որ Թուրքիան շատ սեղմ ժամկետներում կբացի սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ։ Ես այս պահին որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, մենք կարող ենք հենց վաղը սկսել գործընթացը»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նշենք, որ հայկական կողմը տեւական ժամանակ է՝ հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման։ Նախատեսվում էր, որ սահմանը պետք է բացվեր երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, բայց թուրքական կողմը գործընթացը ձգձգում է։

Սարգիս Խանդանյանն ասաց, որ Թուրքիան բավարար դրական ազդակներով չի արձագանքում Հայաստանի դրական ազդակներին։ «Եվ կարծես թե տպավորություն կա, որ Ադրբեջանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը փորձում է փակուղի տանել։ Բայց մենք սրա մասին նաեւ խոսում ենք Թուրքիայի պաշտոնյաների հետ։ Իրականում, իմ կարծիքով, ընդհակառակը՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի մեծ խթան հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին։ Այդ մասին մենք նաեւ խոսեցինք Թուրքիայի մեր գործընկերների հետ Վիեննայում․ ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում մենք հանդիպում ունեցանք, այս մեսիջը ես ուղղել եմ թուրք գործընկերներին։ Իսկ նրանք ասում են, որ իրենք ցանկանում են Հարավային Կովկասը տեսնել խաղաղ, եթե իսկապես դա անկեղծ է, ապա պետք է հնարավորիս արագ դրական քայլեր ու ազդակներ հղեն Հայաստանին»,- նշեց նա։

Հարցին, թե Թուրքիան շահագրգռվա՞ծ է Հայաստանի հետ սահմանի բացմամբ, Խանդանյանը պատասխանեց՝ հրապարակայնորեն նրանք նշում են, որ, այո, շահագրգռված են։ «Բայց տեսնում ենք, որ Ադրբեջանն ակնհայտորեն հակված չէ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու սահմանը բացելուն»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոդվածին՝ ճանապարհների ապաշրջափակման մասին, Սարգիս Խանդանյանն ասաց․ «Պաշտոնական առաջարկ մեկ անգամ է արվել Ադրբեջանին՝ որպես փաստաթուղթ։ Այդ առաջարկը շատ լավ ու պրակտիկ առաջարկ է, որն օգուտներ կբերի թե Հայաստանին, թե Ադրբեջանին։ Եվ առաջարկի վերաբերյալ առայժմ պաշտոնական արձագանք չկա։ Այո, վարչապետը վերահաստատում է մեր դիրքորոշումը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման, խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ։ Սա ընդամենը մեր դիրքորոշման վերահաստատումն է։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանից բացի, մեր բոլոր գործընկերները ազդակներ են տվել այս նախագծի վերաբերյալ։ Միակ խոչընդոտը Ադրբեջանում բացակայող կամքն է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա իրականություն դառնա»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31