«Եթե հարցնում եք՝ էսկալացիայի վտանգ կա, թե ոչ, ես կարծում եմ՝ տարածաշրջանում էսկալյացիոն վտանգի հիմք չկա»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է պարբերաբար ՌԴ կողմից հղում արվում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, Խանդանյանը պատասխանեց․ «Երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին են խոսում եւ հատկապես էթնիկ զտման եւ ԼՂ հայության բռնի տեղահանման, այդ փաստաթղթում շատ ավելի կարեւոր հոդվածներ կային, որոնք կարող էին կանխել էթնիկ զտումը եւ բռնի տեղահանումը։ Մասնավորապես, ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, որոնց անվտանգության ներքո էր ԼՂ հայ բնակչությունը։ Բայց փաստորեն ՌԴ խաղաղապահ ուժերը չկատարեցին նոյեմբերի 9-ի փաստաթղթով իրենց վրա դրված պարտավորությունը։ Ինչ վերաբերում է 9-րդ կետին, այդ հարցում այլընտրանքային մեկնաբանություններ չեն կարող լինել։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն ասում է, որ ճանապարհների նկատմամբ վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի բոլոր ճանապարհների անվտանգությունը։ Ինչպես գիտեք, դրա համար ԱԱԾ-ում ստեղծվել է համապատասխան ստորաբաժանում»,- ասաց Խանդանյանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ ԽՎ-ում իր ելույթին եւ այն դիտարկումներին, որ Ադրբեջանին քննադատող ելույթ չի ունեցել, նա ասաց, որ չի պատրաստվում միջազգային հարթակներում Ադրբեջանի կոնֆլիկտածին նարատիվներին պատասխանել կոնֆլիկտածին նարատիվներով, որովհետեւ հաճախ ադրբեջանական կողմի դրված խնդիրը հենց դա է, որպեսզի իրենք ագրեսիվ հայտարարություններ անեն, հայկական կողմն էլ դրանց պատասխանի։
Անդրադառնալով հայ գերիների հարցին՝ Խանդանյանն ասաց․ «Գերիների մասին մենք բարձրաձայնում ենք մեր բոլոր միջազգային հանդիպումներին անխտիր, բայց ես չեմ կարծում, որ դա այն թեման է, որի մասին պետք է ագրեսիվ եւ աղաղակող հայտարարություններ անել այդ հարթակից։ Ես վստահ չեմ՝ այդ հայտարարության բերած օգուտն է շատ լինելու գերիների ու նրանց ընտանիքների համար, թե՞ վնասը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ