Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բունկերում շփում չեն ունեցել»․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 04,2025 14:02

«Բավականին նուրբ, բարդ եւ սպառնալիքներով թեմա եք բարձրաձայնում, ինչն անընդհատ օդում կախված է։ Ես նաեւ սա նկատի ունեի, երբ ասում էի՝ ադրբեջանական կեղծ դատավարություններով անընդհատ փորձ է արվում «իրավական» հիմնավորում ապահովել ոչ այդքան խնդրահարույց կամ այդքան առնչություն չունեցող թեմաների համար, որոնք այսօր բերվել եւ դարձվել են սպառնալիք՝ ՀՀ-ի դեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Լրագրողը հետաքրքրվել էր՝ մենք՝ ՀՀ-ն, չե՞նք տվել գործիքներ Ադրբեջանի ձեռքը, որպեսզի Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար նման դատավարություններ իրականացնի, քանի որ եթե իշխանությունը՝ հղում անելով Ալմա-Աթայի համաձայնագրին ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ապա 2020 թվականի պատերազմի ժամանակ ի՞նչ էր անում ՀՀ ԶՈՒ-ը՝ Ադրբեջանի տարածքում։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Բաքվում ընթացող դատավարությունները՝ իրենց ողջ բացասական հետեւանքներով, երբ սկսեն օգտագործել ՀՀ-ի դեմ, ոչ ոք չի նայելու, թե ովքե՞ր են եղել ՀՀ նախորդ կամ գործող իշխանությունները, ովքեր են լինելու հաջորդ իշխանությունները։ Այս գործընթացն, իր դիտարկմամբ, իր խորը ազդեցությունը կթողնի ՀՀ-ի՝ նաեւ անվտանգային հարցերի վրա։

Հարցին, արդյոք Հայաստանի իշխանությունները վախենո՞ւմ են, որ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը գիտի բաներ, որոնք կարող են դառնալ հանրային՝ վնասելով իրենց, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բունկերում շփում չեն ունեցել, քննարկում չի եղել։ Ավելին, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, շատ գեներալներ, որոնք այդ պահին ծառայության մեջ չեն եղել, ոչ միայն բունկերային քննարկման մեջ չեն եղել, առհասարակ որեւէ պրոցեսի մեջ չեն եղել։ Չեմ կարծում՝ այդ մասով խնդիր կա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ 15.10.2019 թ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31