«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խոր մտահոգությամբ է հետևում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի գույքի նկատմամբ աճող սպառնալիքներին։ Իսրայելի պետական իշխանությունների և Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործողությունները վտանգում են հայ համայնքի բազմադարյա ներկայությունը Սուրբ Քաղաքում և խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Հատկապես անհանգստացնող են փորձերը՝ խլելու Հայոց Պատրիարքարանին պատկանող պատմական ու կրոնական նշանակության գույքը, որն անբաժանելի մասն է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քրիստոնեական ժառանգության։
Հայ համայնքն իր վճռական պայքարով արդեն իսկ բարձրաձայնում է այս անարդարությունը՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դիմելով միջազգային կառույցներին և պահանջելով արդարացի լուծում։
Մենք՝ որպես ազգային միավորում, սատարում ենք այս պայքարին և կոչ ենք անում Հայ Առաքելական Եկեղեցուն, միջազգային կառույցներին և ողջ հայությանը միավորվել՝ պաշտպանելու Երուսաղեմի հայկական ժառանգությունը։
Մենք Հայաստանի Հանրապետությունից պահանջում ենք գործուն միջամտություն, որպեսզի Իսրայելի իշխանությունների կողմից դադարեցվեն Հայոց Պատրիարքարանի ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունները, հարգվեն հայ համայնքի պատմական իրավունքները, և ապահովվի հայկական կրոնական ու մշակութային կառույցների անխաթար գործունեությունը։