«Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը եղել եւ մնում է Հայաստանի դեմ ճնշման նոր հնարավորություն ստեղծելը կամ ինչպես ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողներն են արձանագրում՝ Հայաստանի դեմ լեգիտիմ պատերազմի հիմքեր ստեղծելը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարություններին։
Ընդդիմադիր պատգամավորը չի ցանկանում պնդել, որ այս դատավարություններն ի վերջո, արդեն «դատավճռի» փուլում, բերելու են Հայաստանի դեմ նոր պատերազմի սանձազերծմանն Ադրբեջանի կողմից, բայց իր համար շատ ակնհայտ է, որ ձեւավորվում են որոշակի «իրավական քեյսեր», որպեսզի հետագայում՝ հնարավոր բանակցային փուլում, դրանք Հայաստանի դեմ իբրեւ ճնշում օգտագործվեն։
Երեկ կայացած «դատավարության» ընթացքում եւ, առհասարակ, այդ դատավարության ժամանակ հնչած որեւէ ցուցմունք, ըստ նրա, չի կարող լինել լեգիտիմ, քանի որ իրականացվում է բռնաճնշումների ներքո․ «Կեղծ ցուցմունքներ են գրվել, կեղծ մեղադրանք է առաջադրվել, հասկանալի է նաեւ, թե ինչ կլինի վերջնական վճիռը»։
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ, այդ դատավարությունն ամբողջացնում է ադրբեջանական կառավարության տասնամյակների թեզը՝ հայերի իբրեւ ագրեսոր լինելու մասին, ինչը «ամրագրվում» է կեղծ, բռնություններով կորզված ցուցմունքներով։ Նա ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ դատավարությանը հնարավորություն կա հետեւելու բացառապես ադրբեջանական մեդիայի տիրույթից։
Կարդացեք նաև
Հակադարձելով Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, որ հայ-ադրբեջանական բանակցությունների դադարեցումը՝ գերիների հարցով պայմանավորված, ինչպես նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էր առաջարկել, սադրանք է, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ կան տարբերակներ՝ ռազմագերիների հարցը օրակարգ բերելու համար եւ պարտադիր չէ այն անպայման խաղաղության պայմանագրի մեջ մտցնել՝ հիշեցնելով, որ օրինակ, տարածաշրջանային ապաշրջափակման թեման հանվեց խաղաղության պայմանագրից, բայց հարցը շարունակում է մնալ օրակարգում։
Գերիների հարցն օրակարգ մտցնելը, իր կարծիքով, չի կարող հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման։
Տիգրան Աբրահամյանը կրկին ահազանգում է՝ այս կեղծ դատավարությունը կարող է խոշոր սպառնալիք դառնալ հենց ՀՀ-ի համար, բացի գերության մեջ գտնվողների ընտանիքների համար անհատական ողբերգություն լինելուց։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ