Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ ես Արայիկ Հարությունյանի հետ ունենամ քաղաքական տարաձայնություններ, նա գտնվում է Բաքվի բանտում, գերի է»․ Շարմազանովը չմեկնաբանեց Արայիկ Հարությունյանի ցուցմունքը

Մարտ 04,2025 13:11

«Մեր գերիների վիճակը բարելավվել է, դրա Ռուբեն Վարդանյանը հացադո՞ւլ է հայտարարում։ Ի՞նչ ասեմ։ Չեմ ուզում կոռեկտության դաշտից դուրս գալ, բայց դա առաջինը անմարդկային հայտարարություն է, երկրորդը՝ սուտ, երրորդը՝ ադրբեջանահաճո։ Նման հայտարարություններով իրենք լեգիտիմացնում են Ադրբեջանի իշխանությունների հակահայկական, ֆաշիստական այս դատավարությունները»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արտակ Զեյնալյանի հայտարարություններին։

Դիմելով Արտակ Զեյնալյանին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Սա նաև Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ամբողջ ղարաբաղյան շարժման դատավարությունն է։ Պարոն Զեյնալյանը մի կուսակցության ներկայացուցիչ է, որն իրեն համարում է սպարապետ Վազգեն Սարգսյանի քաղաքականության ժառանգության հետևորդը։ Եթե իրեն թվում է՝ Բաքվում դատում են միայն Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին և մյուսներին, ապա չարաչար սխալվում է։ Եթե ուշադիր հետևի Բաքվի քարոզչական նյութերին, ապա առաջին անունները, որ հնչում են, Վազգեն Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը։ Հիմա ի՞նչ՝ Արտակ Զեյնալյանն արդարացնում է այդ դատավարություննե՞րը կամ ասում է, որ մարդկային պայմաններո՞ւմ են պահվում մարդիկ։ Բա ինչո՞ւ են էդ մարդիկ ամեն մեկը երեսուն կիլոգրամ նիհարում կամ Ռուբեն Վարդանյանը ստիպված է լինում հացադուլի»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հոդվածում անդրադարձել էր կոմունիկացիաների ապաշրջափակմանը և նշել, որ «Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար»։ Այս առիթով Էդուարդ Շարմազանովն ասաց․ «ՀՀ-ն դարձրել են պանթյուրքիստական միջանցք։ Յոթ տարի խոսում ենք դրա մասին։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից անմիջապես հետո ասում էր՝ մենք պատրաստ ենք Ղազախով մինչև այնտեղ ճանապարհ տալ։ Էդ միջանցքի անունն ինչ ասես չդրեցին։ Ամեն ինչ հստակ է։ Եթե ինքը մնաց, ՀՀ-ն դարձվելու է պանթյուրքիզմի միջանցք, ՀՀ-ից միայն միջանցքն է մնալու»։

Ի պատասխան լրագրողների հարցերի, որոնք վերաբերում էին Արայիկ Հարությունյանի ցուցմունքներին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դրանք չի մեկնաբանելու․ «Ինչքան էլ ես Արայիկ Հարությունյանի հետ ունենամ քաղաքական տարաձայնություններ, այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանը գտնվում է Բաքվի բանտում, գերի է և առանց բացառության պայքարում ենք, որ բոլոր հայ գերիներն օր առաջ վերադառնան ՀՀ։ Իսկ Բաքվի բանտերում մեկը կամք ունի, մեկը կտտանքների տակ չի դիմանում, չեմ կարող ասել։ Մեր ամոթն է, որ բոլորն այնտեղ են, մյուս կողմից էլ կարող եմ Բակո Սահակյանի մասին հիացմունքս հայտնել, որ նույն իր ցուցմունքի ժամանակ նշեց, որ դատարանը չի կարող նման գործ քննել, քանի որ Արցախի ինքնորոշման իրավունքի պայքար է և որևէ պետության դատարան իրեն չի կարող դատել։ Բաքվում տեղի է ունենում դատավարություն հայ ժողովրդի, Եռաբլուրի և ՀՀ-ի նկատմամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվում դատավարության ընթացքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31