«Այս տարի եւս շարունակելու ենք իրագործել մեր ամենամյա ծրագրերը, որոնց թվում «Ի գործն» է, «Դեպի տուն»-ը, «Սփյուռքի երիտասարդ դեսպանները»… Շարունակելու ենք ընդլայնել Սփյուռքի հանձնակատարների ցանցը: Իսկ ամենամեծ նորությունը Երկրորդ համահայկական երիտասարդական ֆորումն է, որը կկայանա օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Ասաց նաեւ, որ հատուկ ուշադրություն են դարձնելու վտանգված համայնքներին՝ ամրապնդելով Հայրենադարձության կենտրոնի աշխատանքները:
Անդրադառնալով «Ի գործին»՝ նա ասաց, որ ծրագրին մեկ տարի մասնակցելուց հետո պետական կառավարման համակարգում աշխատած արտերկրի մեր հայրենակիցների 80 տոկոսը ցանկություն է հայտնում մնալ, հաստատվել եւ աշխատել Հայաստանում: Սինանյանի ձեւակերպմամբ, ամենամեծ խնդիրն այն է, որ կեցության վարձերը Հայաստանում ավելացել են, իսկ «Ի գործ»-ում ընդգրկվածներին տրվող պետական վճարը մնացել է նույնը:
Զարեհ Սինանյանը նշեց, որ ամենամեծ թվով դիմորդները Ռուսաստանի Դաշնությունից են. «Այնտեղ գտնվում է ամենամեծ հայկական սփյուռքը, որը ֆիզիկապես, հոգեբանորեն, ծագումնաբանորեն ամենակապվածն է Հայաստանի հետ: Բայց նաեւ ունենք «ի գործ»-ականներ աշխարհի բոլոր երկրներից, որտեղ գոյություն ունի հայկական Սփյուռք, շատերը տիրապետում են հումանիտար մասնագիտությունների, սակայն ունենք նաեւ զինվորականից սկսած մինչեւ ՏՏ ոլորտում բավական մեծ կշիռ ունեցող «ի գործ»-ականներ, որոնք աշխատել եւ աշխատում են պետական կառավարման համակարգում»:
Կարդացեք նաև
«2022թ փետրվարից հետո Ուկրաինայի հայկական համայնքը ոչ միայն վտանգված է, այլ լրջորեն վերափոխվել է, 450.000-500.000 հայերի մեծ մասը, որոնք բնակվում էին Ուկրաինայում, այլեւս այնտեղ չէ: Թեեւ այս պահին Ուկրաինան մեր ուշադրության կենտրոնում է, սակայն պետք է նշեմ, որ այնուամենայնիվ, մեր Միջին Արեւելքի հայկական համայնքները մնում են որպես ամենավտանգվածները: Չնայած այս պահին Սիրիայում չկա ռազմական առճակատում, որն առկա էր մինչեւ 2024թ դեկտեմբեր ամիսը, այժմ էլ այնպես չի, որ մարդիկ իրենց բոլոր խնդիրներին լուծում են ստացել, եւ այլեւս որեւէ խնդիր չունեն: Այնտեղ դեռ անկայուն է վիճակը: Վարչապետի հանձնարարությամբ հավանաբար ապրիլին ես պետք է մեկնեմ Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Շարունակում ենք Լիբանանը եւս վտանգված համարել, այնտեղ էլ կենցաղային պայմանների որեւէ էական բարելավում տեղի չի ունեցել, եւ արտահոսքը շատ ակտուալ է: Մեր ցանկությունն է, որ այդ արտահոսքը լինի դեպի Հայաստան, սակայն դրան էլ խոչընդոտող շատ հանգամանքներ կան:
Այս պահին լուրջ, ճգնաժամային խնդիրներ ունենք նաեւ Իսրայելի, մանավանդ Երուսաղեմի հայկական համայնքի հետ կապված՝ պայմանավորված պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցմամբ եւ դրանից բխող դատական գործերով:
Հիմա էլ Երուսաղեմի քաղաքապետարանը ինչ-որ հարկային պարտավորություններ է ներկայացրել Հայոց պատրիարքարանին՝ պնդելով, որ մի քանի տասնամյակ պատրիարքարանը չի մուծել ինչ-որ գույքահարկեր եւ պահանջում է մի կլորիկ գումար, որի չվճարման դեպքում պետությունը հնարավոր է պատժիչ քայլերի դիմի… Մի ձեւով այդ պարտքը պետք է փակվի: Իսկ ի՞նչ ձեւով են այդ պարտքերը փակվում՝ հավանաբար գույքի, տարածքի միջոցով, ինչը ճակատագրական կարող է լինել մի քանի հարյուրամյակ Երուսաղեմում հայկական ներկայության առումով»,-ընդգծեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը :
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ