Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ Արտակ Զեյնալյանին փոխանակենք Վագիֆ Խաչատրյանի կամ մեկ այլ ռազմագերու հետ, քանի որ կարծում է՝ Բաքվի բերդում պայմանները բարելավվել են»․ Նաիրա Զոհրաբյան

Մարտ 04,2025 12:16

«Հարց Արտակ Զեյնալյանին` այդ տեղեկությունները քեզ ո՞վ է տրամադրել։ Բաքվի բերդո՞ւմ ես եղել, կապե՞ր ունես տարբեր «կլյուչնիկների» կամ Բաքվի իշխանությունների հետ, որ նման հայտարարություն ես անում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Արտակ Զեյնալյանի այն հայտարարություններին, թե «Բաքվում գերիների վիճակը, կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են հենց եվրոպական գործիքների միջոցով»։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ Արտակ Զեյնալյանը հայտարարել էր․ «Արդյոք գերիների վերադարձի համար պիտանի՞ է այս կառույցը։ Այո։ Եվրոպական դատարանի միջոցով, եվրոպական կառույցների միջոցով մենք հայրենիք ենք վերադարձրել հարյուրից ավելի գերիների, վերադարձրել ենք մինչև պատերազմը գերեվարվածների և սպանված դիակներ՝ օգտագործելով այն իրավունքը, որը կա ԵՄ-ում։ Օգտագործելով ԵԴ-ի գործիքակազմը՝ այս պահին նրանց կյանքի և առողջության վերաբերյալ հասել ենք նրան, որ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ զեկույց պետք է ներկայացնեն և հասել ենք նրան, որ գերիների վիճակը, կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են հենց այս գործիքների միջոցով։ Այն, որ հայ գերիները Գերիների կոնվենցիայի խախտումով են գտնվում Ադրբեջանում, դրանում խոսք չկա։ Պատերազմի ավարտից հետո բոլորը բոլորի դիմաց պետք է վերադարձվեին գերիները, այս կառույցների միջոցով նպաստել են, որ կյանքեր, առողջություն և ազատություն պարգևենք նրանց։ Հենց այս կառույցն է պիտանի, որ մենք կարողանանք ապահովել մեր իրավական անվտանգությունը»։

Նաիրա Զոհրաբյանը, հակադարձելով նրան, ասաց․ «Արտակ Զեյնալյան, որ հայտարարում է՝ Բաքվում գերիների պայմաններն էականորեն բարելավվել են, էդ բարելավված պայմանների հետևա՞նք է Ռուբեն Վարդանյանի խոշտանգումը։ Ես ինքս ունեի այդ մտավախությունը՝ տեսնելով ճակատի բռնության հետքերը։ Բարելավված պայմաննե՞ր են Բակո Սահակյանի թափված ատամները։ Երեկվանից Արտակ Զեյնալյանի այդ զարհուրելի հայտարարությունը ադրբեջանական բլոգերները տարածում են և քարոզչության համար օգտագործում՝ ասելով, որ ստում են ՀՀ քաղաքական ուժերը, ստում է ընդդիմությունը, ստում է ԱԼԳ քաղհասարակության ֆորումը։ Առաջարկում եմ Արտակ Զեյնալյանի հայտարարությունից հետո մենք հանդես գանք առաջարկով՝ նրան փոխանակել Բաքվում գտնվող Վագիֆ Խաչատրյանի կամ մեկ այլ ռազմագերու հետ՝ հաշվի առնելով, որ Արտակ Զեյնալյանին Բաքվի պայմանները բավարարում են, և նա գտնում է, որ Բաքվի պայմանները բարելավվել են»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Արտակ Զեյնալյանի՝ այս հայտարարությունից հետո իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող ՀԿ-ները պետք է բարձրացնեն հարցը, որ «Արտակ Զեյնալյանի նմանները» զրկվեն մարդու իրավունքների հարցերով զբաղվելուց, իրավական գործունեությամբ զբաղվելուց․ «Տարիներ առաջ ինձ թվում էր, թե նա ադեկվատ մարդ է՝ որպես պատգամավոր ու հանրային գործիչ։ Բայց հասկանում ենք, որ թվացյալ ադեկվատ մարդուց մինչև այս իշխանության լաքեյ և ադրբեջանական իշխանությանը ծառայելը մեկ քայլ է։ Արտակ Զեյնալյանն իր հայտարարությամբ երեկ մաքրել է ռազմական հանցագործ Ալիևի դեմքը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31