Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ եւ պատճառ չկա եւ պետք է չլինի»․ Ալեն Սիմոնյան

Մարտ 04,2025 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոդվածին  եւ հարցին, թե արդյոք էսկալացիայի վտանգ կա՞, ինչի մասին Փաշինյանն ակնարկում է իր հոդվածում։

Նա նշեց, որ Բաքվի հետ քննարկումը շարունակվում է, այսօր ունեն առնվազն 15 համաձայնեցված կետ, որն Ալեն Սիմոնյանը շատ մեծ ձեռքբերում համարեց։

«Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ եւ պատճառ չլինի։ Հայաստանի Հանրապետությունը, բազմիցս ասել ենք, որեւիցե տարածքային պահանջ չունի եւ իր հանձն առած պարտավորություններին եւ համաձայնագրերին շատ ուժեղ հետեւում է։ Եվ հետեւողական շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ։ Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ եւ պատճառ, կարծում եմ, չկա եւ պետք է չլինի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Միաժամանակ, Սիմոնյանն ասաց, որ յուրաքանչյուր պահի կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենալ, ոչինչ չպետք է բացառել։ «Ես չեմ ուզում շատ մանրամասնել վարչապետի ասածը, որովհետեւ այս շաբաթվա ընթացքում ընդդիմադիր պատգամավորներն իրեն հարց տալու հնարավորություն կունենան։ Էլ չեմ ասում, որ իրադարձություններն այնպես արագ են զարգանում, կարող են շատ հետաքրքիր զարգացումներ լինել։ Մեր այս ընդհանուր թեմայի շուրջ, որի շուրջ զրուցում ենք, կարող են նորություններ ու փոփոխություններ տեղի ունենալ։ Մեր պատասխանը գնա Ադրբեջան այս շաբաթվա ընթացքում, խաղաղության պայմանագրի հետ կապված․․․»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ապաշրջափակման հարցով գրավոր պատասխան չի ստացվե՞լ Ադրբեջանից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ինչքան ժամանակ է՝ մենք ասում ենք, նույնիսկ կառավարության որոշում կա, որ մենք պատրաստ ենք անցակետեր տեղադրել եւ ճանապարհները բացել։ Սա գործընթաց է, որը չի դադարում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մտքին, թե միակողմանի որեւէ գործընթաց չպետք է լինի, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մինչեւ հիմա չի էլ եղել»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31