Լրահոս
Օրվա լրահոսը

Թողնել միմյանց կսմթելու ընթացքը, զբաղվել կոնկրետ քաղաքականությամբ. «Փաստ»

Մարտ 04,2025 11:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առաջիկա ընտրությունների հետ կապված, թույլ տանք մեզ նկատել, ամենից կեղծ ու վնասարարը վաղուց ոմանց համար «մանտրա» դարձած մոտեցումն է՝ «ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»: Մենք տեսնում ենք, որ նախ՝ աշխարհում ոչ մի խելամիտ հասարակություն, ոչ մի երկրի էլիտաների համախումբ նման մոտեցումներով չի առաջնորդվում: Եվ դա բնական է: Մեր պարագայում նման ձևակերպումը պարզապես նիկոլականության թաքնված դրսևորում է, որովհետև դա ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա սատելիտ «քաղաքական ուժերին»:

Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ «ոչ»-ը պետք է բացառապես վերաբերի միայն ներկաներին ու նրանց կից մի քանի մանր-մունր միավորներին: Գործնականում այսօր դա հասարակության ամենատարբեր շերտերի միավորող առանցքային հանրային պահանջն է: Ուրեմն, իրական ընդդիմադիր դաշտի հիմնական համախմբումը (կոնսոլիդացիան) քաղաքական դաշտում պետք է լինի նախևառաջ հենց դրա շուրջ:

Այստեղ մեկ կարևոր հանգամանք. կոնսոլիդացիա ասելով՝ բացարձակ նկատի չունենք տարբեր ընդդիմադիր ուժերի և առաջնորդների «մեխանիկական» միավորումը: Դա անհնար է բոլոր առումներով՝ սկսած մենթալիտետից մինչև ամբիցիաներ և գաղափարներ: Խոսքը բովանդակային, սկզբունքային կոնսոլիդացիայի մասին է, որի առաջին էական բաղադրիչի մասին նշեցինք:

Ըստ այդմ, հարցերի այն խումբը, որի շուրջ անհրաժեշտ է որոշակի բովանդակային համախմբում, մեր կարծիքով, հետևյալ հարցերին է վերաբերում:

Առաջին՝ «ներկաների միանշանակ մերժում»:

Երկրորդ՝ բովանդակային համախմբում (կոնսոլիդացիա) պետք է լինի նաև պոպուլիզմի, ծայրահեղացման ու բևեռացման մոտեցումները մերժելու շուրջ: Այսինքն՝ իրապես ընդդիմադիր, ազգային ուժերը հստակորեն պետք է մերժեն թվարկված երևույթները, որոնց տուրք տալու հետևանքով մեր երկիրը հայտնվել է ընթացիկ փորձությունների հորձանուտում: Այստեղ, իմիջիայլոց նշենք, որ նմանապես մերժման են ենթակա արկածախնդրական մոտեցումները:

Մեծ հաշվով, այս երկրորդ կետով կընդգծվի, որ մերժվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այլև այդ իշխանության բովանդակային հենքը, պայմանական ասած՝ «նիկոլիզմը»: Այո, «նիկոլիզմը», որպես երևույթ, մեծապես հենց պոպուլիզմի, ծայրահեղության, ստախոսության, բևեռացումների ու արկածախնդրության խառնուրդ է՝ պարուրված համակողմանի անպատասխանատվությամբ, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է այս վիճակին:

Երրորդ՝ պետք է պարզորոշ հայտարարվի երեսպաշտությունը մերժելու վճռականության մասին: Ի դեպ, որոշակի երեսպաշտություն է նաև վերը հիշատակված «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» մանիպուլյատիվ թեզը:

Վերջապես չորրորդ. կա ևս մի կարևոր հարց, որը, մեր կարծիքով, պետք է դրվի պայքարի մեջ մտնող ուժերի առաջ՝ տալ հստակ քաղաքական գնահատականներ Նիկոլ Փաշինյանի 7 տարվա իշխանավարմանը:

Պարզապես պետք է թողնել միմյանց կսմթելու ընթացքը, որքան էր այն գայթակղիչ թվա, և զբաղվել կոնկրետ քաղաքականությամբ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31