Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխանակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները կանգնած լինեին միջազգային քրեական դատարանի առաջ, նրանք այսօր մեղադրողի դերում են. «Փաստ»

Մարտ 04,2025 10:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը հրաժարվեց COP 29 համաժողովի անցկացման հայտից՝ այն զիջելով Ադրբեջանին։ Ու այդ ու մի շարք այլ զիջումների արդյունքում Ադրբեջանից Հայաստան վերադարձան 32 հայ գերիներ։ Դրանից հետո թվում էր, թե COP 29 համաժողովի նախօրյակին կամ դրա ընթացքում Ադրբեջանը ստիպված կլինի հանձնել գերիներին, բայց Բաքուն ոչ միայն չհանձնեց գերիներին, այլև համաժողովի ընթացքում մեղադրանքներ էին հնչում Հայաստանի հասցեին։ Փաստացի, ադրբեջանական կողմը հայ գերիների հաշվին կարողացավ առավելագույնս օգտվել COP 29 համաժողովի առիթից՝ մի կողմից՝ իր իմիջը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, մյուս կողմից էլ՝ գագաթաժողովի կուլիսներում գազային նոր գործարքներ կնքելու համար։ Չնայած որոշ երկրների ու պաշտոնյաների կողմից Բաքվում անցկացվող COP 29 համաժողովը բոյկոտի ենթարկվեց, այնուամենայնիվ, այդ միջոցառման անցկացումը Բաքվին թույլ տվեց շոշափել միջազգային հանրության տրամադրությունները։

Արդյունքում Ալիևը հասկացավ, որ միջազգային հանրությունը, մեծ հաշվով, իներտ վերաբերմունք ունի մարդու իրավունքների զանգվածային խախտումների հարցում ու պատրաստ է աչք փակել ռազմական հանցագործությունների առաջ, ուստի իր ռեժիմը կարող է շարունակել առաջնորդվել նույն ոճով։ Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր ու հրապարակումներ են անում, որոնցում անզեն աչքով իսկ երևում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները խոշտանգումների և խեղումների են ենթարկվում։ Իսկ խոշտանգումների նպատակը շատ պարզ է՝ նրանց տանջահար անելու միջոցով ցուցմունքներ կորզել, որպեսզի հետագայում դրանք Հայաստանի դեմ օգտագործեն։

Փոխանակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հիմա կանգնած լինեին միջազգային քրեական դատարանի առաջ՝ էթնիկ զտումներ իրականացնելու և ցեղասպանական հանցագործությունների իրագործման համար, դրա փոխարեն ադրբեջանական իշխանություններն այսօր մեղադրողի դերում են հանդես գալիս։

Մյուս կողմից՝ զարմանալի է միջազգային հանրության լռությունը, իսկ ավելի ստույգ՝ անգործությունը։ Օրինակ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշում է, թե Եվրոպական միությունը շատ հստակ ասել է, որ իրենք ակնկալում են արդար դատավարություն։ Բայց գերիների նկատմամբ իրականացվողը ԵՄ ներկայացուցչի կողմից ընդհանրապես դատավարություն որակելն արդեն իսկ տարօրինակ է։ Իրականում այն արհեստածին շոու է ու խոշտանգումների սեսիա։ Ամերիկյան կողմն էլ մարդու իրավունքների հետ կապված ամեն մի փոքր դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է տարածում, սակայն գերիների հարցով քար լռություն է։ Մի՞թե Վաշինգտոնում չեն տեսնում, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում։ Թե՞ նորից աշխատում է բազմակի ստանդարտների սկզբունքը…

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31