Հայաստանի Ճարտարապետների պալատի Խորհրդի անդամների բաց նամակը քաղաքապետարանին
Հայաստանի Ճարտարապետների պալատը տեղեկացել է, որ սույն թվականի փետրվարի 17-ին Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու նիստի շրջանակներում հայտարարվել է «Կասկադի Վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպությունը, որն իրականացնելու է մոտ 20 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր։
Դեռևս 2024 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը համալիրի արդիականացման երկու նախագիծ էր ներկայացրել՝ մշակված ամերիկյան և ֆրանսիական ճարտարապետական ընկերությունների կողմից։
«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկող երևանցիները ձայների մեծամասնությունը տվել էին ֆրանսիական նախագծին։ Նախագծային աշխատանքներն իրականացվելու են ֆրանսիական ճարտարապետական խմբի կողմից, որը ղեկավարելու է ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը։
Կարդացեք նաև
«Կասկադ» Համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը։ Այն Երևանի քաղաքաստեղծ հանգույցներից է և որպես քաղաքային դոմինանտ կառույց ամբողջ քաղաքի ծավալատարածական հորինվածքի համար ունի թելադրող դիրք և մեծ նշանակություն։ Այն նաև ակադեմիկոս Ալ. Թամանյանի նախագծած Երևան քաղաքի գլխավոր հորինվածքային առանցքի կարևոր մասն է կազմում, և տեսողական ու տրամաբանական կապ է հաստատում նշված առանցքի շարունակության հետ:
«Կասկադ» համալիրը համաձայն Հայաստանի մշակույթային ժառանգությունը պաշտպանող օրենսդրության՝ պահպանվող օբյեկտ է՝ եզակի պատմամշակութային բարձրարժեքությամբ ։
«Կասկադ» համալիրի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը։ Համաձայն Հայաստանի հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրության Ջիմ Թորոսյանի ժառանգների համար Ջիմ Թորոսյանի հեղինակային իրավունքը գործում է մինչև 2084թ, Սարգիս Գուրզադյանի ժառանգների համար ՝ մինչև 2085թ, իսկ Ասլան Մխիթարյանը ներկայումս ակտիվ նախագծող ճարտարապետ է։
Մշակութային ժառանգությունը և հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրությունից բխում է, որ «Կասկադ» համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ, իսկ դեռ չկառուցված մասում ճարտարապետական նախագծի փոփոխությունները կարող են կատարվել միայն հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությամբ։
«Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքի տիրապետողների համաձայնությունը։ Բնականաբար այդ համաձայնեցումը պետք է տեղի ունենար մինչև «Ակտիվ քաղաքացի» հարթակում Երևանի քաղաքապետարանի կողմից այն հրապարակելը։
Հայաստանի Ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի շուրջ, ու ակնկալում է քաղաքային իշխանությունների ականջալուր լինելուն՝ հնչեցված խնդրին: Հարցը կայանում է, ոչ միայն նրանում, որ տեղի ունեցած հեղինակային իրավունքի կոպիտ խախտումը կարող է վնաս հասցնել ողջ համալիրի ծավալատարածական հորինվածքին, այլ նաև ստեղծում է անթույլատրելի նախադեպ հետագայում քաղաքաշինական և մշակութային բարձրարժեք օբյեկտների անհարկի միջամտությունների համար:
«Կասկադ» համալիրին հարող տարածքի վերակառուցման ու արդիականացման խնդիրը հասունացած է վաղուց, սակայն, ինչպես և այլ քաղաքաշինական մեծ նշանակություն ունեցող ու պատմամշակութային արժեք ներկայացնող այլ օբյեկտների համար պահանջում է բացառապես մասնագիտական վերլուծություն ու շատ բծախնդիր և արհեստավարժ մոտեցում, որը պետք է հաշվի առնի թե քաղաքի ընդհանուր պահանջները, թե ճիշտ ինտեգրվի գոյություն ունեցող միջավայրին, մասշտաբով չխոչընդոտի դիտարկվող հոյակերտ կառույցին և չառաջացնի լրացուցիչ ենթակառուցվածքային ծանրաբեռնվածություններ:
Հայաստանի Ճարտարապետների պալատն առաջարկում է ժամանակավորապես կասեցնել «Կասկադի Վերակառուցման» ծրագրի իրականացումը և կառույցի գործող ՀՀ Վաստակավոր ճարտարապետ-հեղինակ Ասլան Մխիթարյանին ընդգրկել նախագծային գործընթացում, ինչպես նաև հայտնում է իր պատրաստակամությունը աջակցելու Երևանի քաղաքապետարանին՝ «Կասկադի Վերակառուցման» ծրագիրը գործող օրենսդրությանը համապատասխան և մասնագիտական անհրաժեշտ մակարդակով իրականացնելու հարցում։