1944 թվականին, երբ Երկրորդ աշխարհամարտը դեռ շարունակվում էր, բայց պարզ էր, որ եկել է աշխարհը կիսելու ժամանակը, Ստալինի եւ Չերչիլի միջեւ տեղի է ունեցել մի ուշագրավ երկխոսություն: Խոսքը Լեհաստանի մասին էր, եւ, հավանաբար, արդեն պարզ էր, որ այդ երկիրն անցնելու է խորհրդային վերահսկողության տակ: Բրիտանիայի վարչապետը հարկ էր համարել հիշեցնել, որ Լեհաստանը կաթոլիկ երկիր է, որի ներքին զարգացումները չպիտի խնդիրներ ստեղծեն Վատիկանի հետ: Դրան Ստալինը, ըստ նրա թարգմանչի, պատասխանել է՝ «Իսկ քանի՞ դիվիզիա ունի Հռոմի պապը»:
Այդ դրվագն ընդունված է մեկնաբանել հետեւյալ կերպ. խորհրդային առաջնորդը «շշպռեց» Չերչիլին եւ, մյուս կողմից, «տեղը դրեց» Հռոմի պապին: Ես, ճիշտն ասած, կասկածում եմ, որ Ստալինն այդքան պարզունակ էր պատկերացնում «ուժի» եւ «թուլության» խնդիրը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա սկսեց կարեւորել կրոնի, եկեղեցու դերը, եւ, ի վերջո, պատահական չէ, որ նույն պատերազմը խորհրդային քարոզչությունն անվանում էր «սրբազան»:
Բայց, այդ վերապահումով հանդերձ, պետք է ընդունել, որ Ստալինի հարցը միանգամայն տեղին էր: Այսօրվա իրադարձությունները դա ապացուցում են: Ուկրաինայի նախագահ Զելենսկին, Թրամփի հետ վիճելուց հետո, ստացել է եվրոպացիների աջակցությունը: Բայց այդ աջակցությունը հիմնականում «բարոյական» է:
Բրիտանացի պաշտոնական անձինք «Ֆայնեյշնլ թայմսին» հայտնեցին, որ ներկայիս վարչապետ Սթարմերը շաբաթ օրն ասել է Զելենսկուն, որ նա սկզբից պետք է կարգավորի հարաբերությունները ԱՄՆ-ի նախագահի հետ, որովհետեւ ցանկացած խաղաղություն երկարատեւ չի լինի, եթե չերաշխավորվի Միացյալ Նահանգների կողմից: Նույն ոգով արտահայտվել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Դիվանագիտական լեզվից թարգմանած, դա նշանակում է՝ «մենք քեզ շատ ենք հարգում, բայց «դիվիզիաները» Թրամփի մոտ են, նրա հետ էլ լեզու գտիր»:
Կարդացեք նաև
Պարզ է, որ ի տարբերություն Եվրոպայի, Հարավային Կովկասը Թրամփին առանձնապես հետաքրքիր չէ: Հետեւաբար, այստեղ «տիրություն անելու» արտոնագիրը տրվելու է ռուս-թուրքական «դուետին»՝ ԱՄՆ-ի թեթեւ վերահսկողության տակ: Այդ պայմաններում միանգամայն բնական է մեր որոշ շրջանակների ձգտումը, որ մեզ «տիրություն անի» Եվրամիությունը: Բայց քանի՞ դիվիզիա ունի ԵՄ-ն: Դեռ նոր է մտմտում իր սեփական զինված ուժերը ստեղծելու մասին: Որքան շուտ ստեղծի, այնքան լավ, բայց առայժմ առաջնայինը մեզ համար «դիվիզիաներ ունեցողների»՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիրն է: Որքան էլ այդ երկրների քաղաքականությունը մեզ տհաճ թվա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ