«Արդեն երրորդ օրն է՝ Մանե Թանդիլյանը եւ մեր մյուս ընկերները հացադուլի մեջ են: Իրենց եւ մեր բոլորի խնդրանքն է Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը, որն արդեն կյանքի հետ խնդիրների առաջացման փուլում է: Արդեն երկրորդ շաբաթն է ու սա երկրորդ հացադուլն է, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարում է ի նշան Բաքվում տեղի ունեցող իրադարձությունների դեմ բողոքի:
Սա շատ ծայրահեղ քայլ է, որ բարձրացվում է՝ ուղղված միջազգային հանրությանը: Ցավոք, միջազգային հանրությունը, որը ցանկացած պարագայում պարտավոր է մարդու իրավունքների նմանատիպ ոտնահարումները, նման վայրագությունները կանխարգելել, առնվազն լռում է: Կարծում եմ, լռությունը ավելի շատ այս հանցագործությանն աջակցություն է: Հետեւաբար, մենք էլ մեր այս բողոքի ձայնն ենք բարձրացնում՝ ուղղված միջազգային հանրությանը, որ նման վայրագություններին արագ եւ հստակ արձագանքի»,-Aravot.am-ին Ազատության հրապարակում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Պարոն Առաքելյանը կոնկրետ գործողությունների որեւէ ակնկալիք չունի ոչ Հայաստանի կառավարությունից եւ ոչ էլ որեւէ այլ կառույցից: «Հայաստանի իշխանություններից կամ որեւէ կառույցից ակնկալիք ունենալը, կարծում եմ, անմտություն է: Իրենք ոչ միայն որեւէ քայլ չեն ձեռնարկում, այլեւ իրենց վարքագծով շատ հաճախ վնասում են Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին: Հետեւաբար, այլեւս հասել է այն փուլը, որ Հայաստանի իշխանություններից միակ ակնկալիքը, որ պետք է անեն, հեռանալն է: Միայն նոր, որակյալ իշխանության պարագայում է հնարավոր այս հարցն արագ կարգավորել:
Մարդու իրավունքների պաշտպանը եւ չակերտավոր մյուս անկախ կազմակերպությունները իրականում իշխանության կցորդներն են եւ իրենց լռությունը տեղավորվում է իշխանության վարքագծի շրջանակներում»,-ասաց պարոն Առաքելյանը:
Կարդացեք նաև
Մեր խնդրանքով նա նաեւ կարճ տեղեկացրեց Մանե Թանդիլյանի ինքնազգացողության մասին, քանի որ տեղեկություն էր տարածվել, որ նրա առողջությունը վատացել է: «Արդեն հացադուլի երրորդ օրն է եւ այս պահին որոշակի խնդիրներ կան: Պարբերաբար բժշկական հսկողություն է իրականացվում: Հույս ունենք, որ Ռուբեն Վարդանյանը եւ Մանե Թանդիլյանը այս ծայրահեղ քայլը առաջիկա օրերին կդադարեցնեն:
Մանե Թանդիլյանի խնդրանքը եւ հացադուլի ձեւակերպումը ուղղված է նրան, որ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը: Ինչքան էլ ծանր է եղել նաեւ մեր համար, մեր ընկերների համար, առկա է որոշում՝ հացադուլը շարունակել այնքան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարում: Տեղեկատվական սահմանափակումների պատճառով, որ կան պարոն Վարդանյանի եւ մեր մյուս ռազմագերիների մասով, այս պահին մենք նոր տեղեկություն չունենք նաեւ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին: Այսօր մեր մյուս ռազմագերիների, վաղը՝ Ռուբեն Վարդանյանի դատական նիստերն են: Հուսով ենք, որ գոնե այդ նիստերից վիզուալ որեւէ դրական տեղեկություն կփոխանցվի»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ