Լրահոս
Օրվա լրահոսը

Քրաուդֆանդինգ․ իրատեսական լուծո՞ւմ հայաստանյան մեդիայի ֆինանսական խնդիրները թեթևացնելու համար․ Նարեկ Վարդանյանի պարզաբանումները

Մարտ 03,2025 22:25

«Կարծում եմ՝ միանշանակ հնարավոր է։ Պետք է փորձեր կատարել։ Միանգամից դժվար է ասել՝ որ մոդելն է ամենալավն աշխատելու։ Բայց հստակ կարող եմ ասել՝ այն մեդիաները, որոնք արդեն բավականին երկար ժամանակ են շուկայում, ունեն լսարան, այդ լսարանում հաստատ մի խավ կա, որը ֆինանսապես նաև պատրաստ է ամսական որոշակի գումար տրամադրել՝ թեկուզ շատ փոքր, հետաքրքիր նյութերին առաջինը ծանոթանալու, տեղեկացված լինելու, վերլուծական հոդվածներին ծանոթանալու, առաջինն ինչ-որ բանի մասին իմանալու համար»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան մեդիայի հնարավորությունն օգտագործելու քրաուդֆանդինգային գործիքները, հնարավո՞ր է դա իրատեսական հնարավորություն դիտարկել հայաստանյան մեդիայի համար լրացուցիչ միջոցներ գեներացնելու համար, այսպես պատասխանեց TCF համահիմնադիր Նարեկ Վարդանյանը։

Հիշեցնենք՝ օրերս TCF Armenia-ն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անցկացրեց «Crowdfunding, bonds and much more with TCF» թեմայով կրթական սեմինար։

Միջոցառման ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները բացահայտեցին քրաուդֆանդինգի բոլոր կարևոր նրբությունները՝ հասկանալու, թե ինչպես կարելի է այս մեխանիզմը կիրառել իրենց լրատվամիջոցների ֆինանսավորման համար։

Նաև ծանոթացան քրաուդֆանդինգի հիմնական սկզբունքներին, գործող մոդելներին, հաջողված միջազգային և տեղական օրինակներին, ինչպես նաև սովորեցին մշակել արդյունավետ քարոզարշավներ, ձևավորել հավատարիմ լսարան և օգտագործել ժամանակակից թվային գործիքները՝ իրենց նախաձեռնությունների համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։

TCF-ը ոլորտի աշխարհի առաջատարներից է և երկար տարիների փորձ ունի ապրանքանիշերի առաջխաղացման, քրաուդֆանդինգային արշավների կազմակերպման, էլեկտրոնային կոմերցիայի և բազմաբնույթ մարքեթինգային ռազմավարությունների մշակման մեջ: Ընկերության գրասենյակները տեղակայված են Երեւանում, ԱՄՆ-ում եւ Չինաստանի Շենժեն քաղաքում։

Ըստ Նարեկ Վարդանյանի՝ չնայած այս պահին դեռ այդ մշակույթը լայն տարածում չունի ՀՀ-ում, այնուամենայնիվ, հաշվի առնելով միջազգային փորձը ու տեսնելով միջազգային մեդիաները՝ կարող է ասել, որ շատ լրատվամիջոցներ են անցել այդ ճանապարհով, երբ իրենց ֆինանսավորումն ինչ-որ մի տեղից դադարել է ու իրենք հիմնականում կենտրոնացել են հենց իրենց լսարանի վրա։ Եթե մի քիչ ավելի լայն առումով վերցնենք և նայենք այն տեսանկյունից, որ դու ստանաս ֆինանսավորում մեծ թվով մարդկանցից փոքր գումարներով, որը պետք է լինի տվյալ դեպքում քո լսարանը, քանի որ մեդիայի արտադրանքը տեղեկատվությունն է, ապա կարելի է ասել, որ սա գործող մոդել է։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հայտնի մեդիա կազմակերպություններ են օգտվում քրաուդֆանդինգի գործիքից, Նարեկ Վարդանյանը պատասխանեց․ «Աշխարհի հայտնի մեդիաներ են օգտագործում այս գործիքները՝ օրինակ՝ Businessinsider-ը, TechCrunch-ը։ Նրանց ես բաժանորդագրված եմ։ Դրանցից շատերը տարբեր մեծ մեդիաներում սկսել են՝ որպես սյունակ, հետո հաջողության պարագայում դարձել առանձին ընկերություններ առանձին բրենդով։ Այսօր հայտնի պրակտիկա է ամսական երկու-երեք դոլար տրամադրել հեղինակավոր ամսագրերին հետաքրքիր հոդվածներին ծանոթանալու համար։ Այսինքն՝ այդ գումարը վճարելով՝ խնայում ես ժամանակ, էներգիա, նյարդեր, որովհետև այդ դեպքում տվյալ նյութը դառնում է քեզ համար արագ հասանելի։ Դա է հենց այդ մշակույթը։ Մարդիկ պետք է հասկանան, որ այն ամենը, ինչ իրենց արժեք է բերում, ունի նաև իր գինը։ Նորմալ է, որ մեդիաները մտնեն այդ ոլորտ»։

Մեր այն դիտարկմանը՝ բայց հայաստանյան լսարանն ունի՞ այդ գիտակցությունը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ամեն ինչ ինչ-որ մի տեղից սկսվում է։ Եթե վերցնենք ռեստորանային ոլորտը, որն ակտիվ զարգանում է, երեք-չորս տարի առաջ երևի չէինք պատկերացնի, որ հյուրանոցային կամ ռեստորանային ծառայությունների գներն այսքան կբարձրանան, և հայերն այդքան գումար պատրաստ կլինեն վճարել։ Բայց տեսնում ենք, որ կամաց-կամաց շուկան ինքն էլ է կրթվում, ինչ որ մի գծի է հասնում, գնում առաջ։ Հետո դա է դառնում նորմալը, հետո բարձրանում ավելի վերև։ Մեդիան ունի առավելություն, որովհետև սահմանափակված չէ միայն հայաստանյան լսարանով։ Նաև կա սփյուռքի լսարանը։ Այդ լսարանն այն նույն մարդիկ են, որոնք իրենց տեղական՝ ամերիկյան պարբերականներին ամսական պատրաստ են գումարներ վճարել։ Կա մի լսարան, որի համար ոչ միայն նորմալ է մեդիային գումար տալը, այլև մեծ հաճույքով պատրաստ կլինեն հենց իրենք էլ վճարել»։

Նարեկ Վարդանյանի հետ զրույցում նկատեցինք՝ հայաստանյան մեդիադաշտի՝ բևեռացված լինելու պատճառով լսարանն էլ է բավականին փոքր։ Նա արձագանքեց․ «Գուցե ավելի լավ է․ մեդիայի տեսանկյունից եմ ասում։ Ընդհանրապես ավելի վատ է, բնականաբար։ Եթե դու ունես մի ձեռագիր, լսարան, որը հենց այն բևեռին է հարում, որին դու, ուրեմն լսարանն ավելի թիրախային է դառնում»։ Նարեկ Վարդանյանի կարծիքով՝ կա մի մեծ լսարան, որը դրական նորությունների կարիք ունի։ Իր օրինակով ասաց․ «Ես շատ կուզեի բաժանորդագրված լինել մի մեդիայի, որը շատ ավելի դրական նորություններ կհաղորդեր։ Մեզ մոտ մեդիան ավելի շատ բացասականով է լցված։ Լավ նորությունների պահանջարկ կա, նույնիսկ մեր համայնքում մտածում ենք, որ կարող ենք ֆինանսավորել ինչ-որ նոր մեդիայի, որը մուտք կգործի շուկա և որի լրատվությունը հիմնված կլինի հիմնականում լավ նորությունների վրա։ Կլինեն հաջողության պատմություններ, որոնք ոգևորիչ կլինեն»։ Նարեկ Վարդանյանը վստահեցնում է՝ անձամբ ինքը հաստատ օրը մեկ անգամ կմտնի այդ կայք, կկարդա նորությունները, քանի որ բացասական նորություններն այսպես թե այնպես կարողանում է գտնել, մինչդեռ լավ նորությունները պետք է գտնել»։

Հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտաք ԶԼՄ-ներին, որպեսզի նոր ֆինանսական միջոցներ կարողանան գեներացնել, Նարեկ Վարդանյանը պատասխանեց․ «Պետք է փորձեն  մոբիլիզացել իրենց ակտիվները՝ իրենց բաժանորդերին, լսարանը, սկսեն email marketing իրականացնել, տարածել newsletter-ներ և  այլն։ Դրանք շատ մեծ հասանելիություն ունեն ամբողջ աշխարհում։ ՀՀ-ում մշակույթի առումով դժվար է զարգանում այս պահին, բայց էլի ժամանակի հարց է․ հաստատ կզարգանա։ Ֆինանսավորման նոր ուղղություններով խորհուրդ կտամ էքսպերիմենտներ անել, օգտագործել թվային մարքեթինգի նորարար գործիքները»։

Օրինակ՝ ըստ Նարեկ Վարդանյանի՝ կարելի է կայքում տեղադրել հայտարարություն բաժանորդագրության մասին, որ եթե ընթերցողը բաժանորդագրվի՝ այդ հղմամբ անցնելով, ապա ամեն օր կարող է ստանալ նորությունների հավաքածու տվյալ կայքից  իր էլեկտրոնային փոստին։ Սա նաև հնարավորություն կտա սեգմենտավորել լսարանը՝ կոնկրետ խմբերի կոնկրետ տեսակի նորություններ ուղարկել։ Լսարանի այն խմբին, որոնց վերլուծական հոդվածներ են հետաքրքրում, ուղարկել այդպիսի նյութեր, լսարանի այն հատվածին, որը պատրաստ է վճարել, կարող են ուղարկվել բացառիկ նորությունները, որոնք անգամ դեռ չեն էլ հրապարակվել։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31