Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել
Հունվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տարածքից գողացել են վճարային տերմինալը:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 15-ի ժամը 21-ից հունվարի 16-ի ժամը 7.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված գործիքով դուռը բացել, մտել էին պոլիկլինիկայի շենք, ապա հարմարեցված գործիքով բացելով 3-րդ հարկում գտնվող վճարային տերմինալի դուռը՝ գողացել էին մոտ 90 հազար դրամ:
Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդում Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին ստացվել էր նաև փետրվարի 17-ին. գողացել էին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող բանկին պատկանող գեներատորը:
Կարդացեք նաև
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում գողության վերաբերյալ հաջորդ հաղորդումը ստացվեց փետրվարի 25-ին: Հիմնադրամներից մեկի երևանաբնակ աշխատակիցը հայտնել էր, որ 2024 թ. դեկտեմբերի 28-ից փետրվարի 25-ի ժամը 13.20-ն ընկած ժամանակահատվածում դռան փականը կոտրելու միջոցով մուտք էին գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող՝ հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և գողացել սյուներին տեղադրված տեսանկարահանող չորս սարք, ապա պատուհանի ճաղավանդակը պոկելու և պատուհանի ապակին հանելու միջոցով մտել էին ներս և գողացել համակարգչի էկրան, ստեղնաշար և հիշողության սարք:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի և Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը: Պարզվել է նաև, որ նա հիմնադրամին պատկանող իրերը վաճառել էր Արմավիր քաղաքի մի բնակչի, որը բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, իսկ գեներատորը վաճառել էր Սարդարապատ գյուղի մի բնակչի:
40-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Արմավիրցի 40-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
ՆԳՆ ոստիկանություն