Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հարցրեց՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ կառավարությունը սպասում է օրենսդրական նախաձեռնության՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելուն, որ նաև սկսի իրականացնել գործողություններ օրենքի տրամաբանությունից բխող և արդյոք կարո՞ղ է ՀՀ-ն հրաժարվել իր նախորդ աշխարհաքաղական գործընկերների հետ հարաբերություններից և արդեն ընտրի եվրոպական ուղղությունը, որպես հիմնական գործընկեր դիտարկի ԵՄ-ին։ Այնուհետև հետաքրքրվեց՝ ԵՄ-ի հետ աշխատանքներում կամ այլ խողովակներով շփումների ժամանակ արդյոք վերջերս հնարավորություն ունեցե՞լ կամ բարձրացրե՞լ եք Բաքվում պահող հայ ռազմագերիների խնդիրը, և ԵՄ-ում այդ դատավարությունների համատեքստում ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել, որ Ադրբեջանի իշխանությունները վերադառնան իրենց՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այս հարցերին պատասխանեց․ «Այս փաստաթղթով չի նախատեսված կոնկրետ գործողություններ պարունակող օպերատիվ մաս։ Ավելի շատ ուղերձ է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ԵՄ-ի հետ գործողություններ ծրագրին, ապա նաև այս համատեքստում ավարտին է հասնում մեր գործընկերության նոր օրակարգի փաստաթուղթը, որը ոչ միայն լրացնում է CEPA-ն, այլև ընդլայնում ԵՄ-ի հետ մեր համագործակցության ոլորտները։ Այս փաստաթուղթը մեր՝ ԵՄ-ի հետ նորացված հարաբերությունների ուղեցույցն է լինելու։ Այն քաղաքական փաստաթուղթ է, բայց նաև ունի իրականացման կոնկրետ գործողություններ։ Չկա մեկ ոլորտ, որն ընդգրկված չլինի»։
Պարույր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ոչ միայն վերջին շրջանում, այլև մշտապես ԱԳ յուրաքանչյուր պաշտոնյա յուրաքանչյուր շփման, միջոցառման ժամանակ և ԵՄ-ի հետ հարաբերությունների ընթացքում մշտապես այդ հարցը օրակարգում պահում են։ Իսկ արդյոք գոհ ենք կոնկրետ քայլերից, ոչ․ «Բայց պետք է շարունակական աշխատանք լինի։ Դիվանագիտությունն ունի նաև կուլիսային գործընթաց, և այդ առումով մեր աշխատանքը թե′ Բրյուսելի, թե′ անդամ երկրների հետ շարունակվում է։ Անցյալում ունեցել ենք լավ օրինակներ տարբեր անդամ երկրների հետ՝ Ֆրանսիա և այլ երկրներ, և այդ ուղղությամբ շարունակում ենք մեր աշխատանքները՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները»։
Անդրադառնալով նախկին գործընկերների հետ հարաբերություններից հրաժարվելու հավանականության մասին հարցին՝ Պարույր Հովհաննիսյանը նշեց․ «Նման իրողություն կստեղծվեր, եթե մենք ներկայացնեինք ԵՄ անդամակցության հայտ։ Այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ։ Այն համապատասխանում է մեր՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությանը։ Այդ առումով աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստ մենք չենք տեսնում։ Նման լուրջ փոփոխություններ կլիներ այլ գործընթաց սկսելու դեպքում»։
Կարդացեք նաև
Արմեն Գևորգյանն ի պատասխան ասաց․ «Ստացվում է, որ օրենքն ընդունում ենք, բայց անդամակցության չենք ձգտում։ Եթե դա է, ուրեմն ամփոփենք հետևյալը, որ կառավարության դիրքորոշումն այն է, որ այս օրենքի ընդունումն այն է, որ մենք չենք դնում ԵՄ անդամակցության հարց, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք ընդունում այս օրենքը»։
Պարույր Հովհաննիսյանն էլ ասաց՝ մենք սկսում ենք անդամակցության գործընթաց, բայց դա չի նշանակում անդամակցության հայտ ներկայացնել։
Միջամտեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը․ «Երբ գործընթացը սկսվում է, մի որոշակի փուլում ենթադրվում է նաև անդամակցության հայտ ներկայացնել։ Օրենքը հենց անդամակցության մասին է, որին պետք է նախորդի անդամակցության հայտը։ Թե երբ, դա կախված կլինի դրան նախորդող գործողություններից»։
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էլ արձագանքեց․ «Նախաձեռնող խմբի նպատակն է այն, որ ՀՀ-ն ձեռնարկում է բոլոր ջանքերը և հնարավորինս սեղմ ժամկետում, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ