«Իրենք գիտեին, որ այսօր ցույց ենք անելու, սկսեցին մի 15 րոպեանոց ինչ-որ բան կազմակերպել ու կայքերով գցել․․․ ոչ մի անցումային բան չեն արել, ոչ մի քննարկում էլ չկա։ Մենք պահանջում ենք օրենքի ազատականացում, անգամ նախկին օրենքը պետք է վերանայվի»,- այսօր կառավարության շենքի մոտ ցույցի ժամանակ ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարեցին տնտեսվարողները։
Այսօր՝ գործարարի օրը, փոքր և միջին ձեռնարկատերերը գործադուլ են հայտարարել եւ կառավարության շենքի մոտ ցույց են անում՝ պահանջելով հարկային բեռի վերանայում, որը բավական բարձրացել է՝ շրջանառության հարկի մասին կառավարության վերջին որոշման արդյունքում։
Փետրվարի 27-ին կայացած նիստում կառավարությունը հայտարարեց «ժամանակավոր հետքայլի» մասին․ 2025-ի առաջին կեսին 5 տոկոսից ավելի վճարվելիք հարկը կվերադարձնեն բիզնեսին:
«Շրջանառության հարկ վճարողները կկարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները, և շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն ստանան»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Փաստորեն, կառավարությունը ոչ թե այս տարվա առաջին վեց ամիսների հարկը պահպանում է 5 տոկոսի շրջանակում, այլ ասում է՝ վճարեք փոփոխված օրենքով, բայց որքան ավելի եք վճարել 5 տոկոսից, այդ գումարը դիմելու դեպքում ձեզ կվերադարձնենք։ «Բայց էլի, մեր սիրելի քաղաքացիների, մեր սիրելի տնտեսվարողների կարծիքները, մտահոգությունները, նեղվածությունները հաշվի առնելով՝ մենք, ըստ էության, վեցամսյա անցումային շրջան ենք նախատեսում, այսինքն՝ մինչև հուլիսի 1-ը ներառյալ անցումային շրջան ենք նախատեսում», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տնտեսվարողները պահանջում են, որպեսզի վարչապետն ընդունի իրենց լսի եւ լուծումներ գտնեն, քանի որ իրենց պնդմամբ, որոշում կայացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է։
Տնտեսվարողների դժգոհությունները եւ հիմնավորումները՝ տեսանյութերում
«Ցանկացած ապրանքի ինքնարժեքը կրկնակի բարձրացել է, ուղղակի իրենք ուզում են ամեն ինչ անել, որ մեզ բռի մեջ պահեն, մենք մեր ժամանակի 90 տոկոսը ծախսենք հարկայինի վրա, 10 տոկոսը՝ մեր բիզնեսի»,- ասում են ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները՝ ահազանգելով, որ, այսպիսով` փոքր եւ միջին բիզնեսը բավական բարդ վիճակում է հայտնվում։ Իրենց դիտարկումներով, ՓՄՁ ոլորտը 50 տոկոսով արդեն իսկ նվազել է, մանավանդ, որ Հայաստանում առկա մարտահրավերները մարդկանց ստիպում են օրով եւ ժամով ապրել, երկարաժամկետ ծրագրեր չկազմել, հնարավորինս նվազագույն գնումներով սահմանափակվել։
«Այս պայքարը գույքագրման դեմ է, բայց նախարարն ասում է՝ արտոնությունից կօգտվեն նրանք, ովքեր 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ գույքագրած ՊԵԿ-ին ցանկ են հանձնել։ Եթե դու շրջանառության հարկով աշխատելու համար ամեն տարի մինչեւ փետրվարի 20-ը դիմում ես տալիս, մի տարի մոռանում ես, ավտոմատ ընկնում ես ԱԱՀ-ի տակ։ Իմաստը՞։ Եթե մարդը ուզում է փոխել, դիմում կտա կփոխի հարկատեսակը։ Դիմումը տալու հաջորդ օրվա դրությամբ եթե ունես պարտք, այդ արտոնությունից չես օգտվում։ Գույքագրում, վճարում․․․ այսինքն` մենք եթե 5 տոկոսը չենք կարողանում վճարել, 10 տոկոսի տակ մեզ ո՞նց եք գցում։ Անունն է մնացել շրջանառության հարկ, սա բացել է մի միջանցք՝ դեպի ԱԱՀ։ Ես տնտեսվարող եմ, ոնց անեմ, մի տաս հոգի պահեմ, որ անընդհատ ապրանք հաշվե՞նք։ Օրենքի վերնագիրն ի՞նչ է ասում՝ շրջանառությունից հարկ, ինչի՞ պիտի․․․ բարդացնում են․․․Կառավարությունը բարդացրել է մեր կյանքը, որ անընդհատ տուգանի՝ բյուջե լցնի։ Հասկացել են, որ բունտ է լինելու, դիտմամբ իրազեկում էլ չեն անում, որ բունտ չլինի։ Սա առնվազն կրկնակի թանկացնում է եւ մեր կյանքը եւ ձեր»,- հայտարարում են ցուցարարները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ցուցարարներին միացած ՓՄՁ ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանն էլ հայտարարեց, որ այդ որոշումով կառավարությունը միայն առեւտրով զբաղվող տնտեսվարողների համար ինչ-որ լուծում է առաջարկում, որը նույնչափ անընդունելի է։ Ըստ նրա, ընդհանուր առմամբ խեղաթյուրվել է շրջանառության հարկի գաղափարախոսությունը եւ վերջին փոփոխությունները ՓՄՁ հարկումը փորձում են շահութահարկի շեմին մոտեցնել։ Իր կարծիքով, ազնիվ չէ, որ կառավարությունը առանձին խմբերի հետ քննարկումներ է իրականացնում՝ իբրեւ ինչ-որ լուծումներ գտնելու համար, որոնք, մեծ հաշվով, ավելի են խճճում հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ