Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը փաստեց, որ պատմության մեջ առաջին անգամ շտապ բուժօգնության ծառայությունը կարողանում է ինքնուրույն ֆինանսական միջոցներ գեներացնել եւ ավտոմեքենաներ գնել, ինչը նրա ձեւակերպմամբ, արդյունավետ կառավարման արդյունք է:
Ի թիվս այլնի՝ անդրադարձավ նաեւ փետրվարի 25-ի միջադեպին, երբ շտապ բուժօգնության բժիշկների հանդեպ ոտնձգություն էր եղել իրենց պարտականությունները կատարելու ժամանակ:
«Սրանք ցավալի դեպքեր են, եւ առհասարակ՝ բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ եղած ամենատարօրինակ երեւույթներից մեկն է, ու անկեղծ ասած՝ լավ չի խոսում մեր մասին: Մենք բարձրաձայնելու եւ դրա մասին հաճախակի խոսելու կարիք ունենք, եւ ամեն նման դեպքը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի ե՛ւ խոսքով, եւ մասնավորապես իրավապահ համակարգի կողմից:
Բժիշկներն իրականացնում են իրենց ծառայությունը, եւ իրենց հիմնական նպատակը կյանքեր փրկելն է, մարդկանց առողջությունը պահպանելն է: Բոլորն իրենց հարազատին շատ են սիրում, բայց դա որեւէ կերպ նրանց իրավունք չի տալիս նմանատիպ դրսեւորումներ ունենալ բժիշկների նկատմամբ: Սա զազրելի եւ ամենատարօրինակ երեւույթներից մեկն է»,- Ասաց Տիգրան Ավինյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ