Բժիշկները երկու անգամ այցելել են «Ազատության» հրապարակում երեկվանից հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին, Վարդան Ավագյանին եւ Վարազդատ Ալավերդյանին:
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ առաջին այցը եղել է հացադուլավորների կանչով, քանի որ ցրտահարվելու վտանգ կար վրանի հետ կապված: Մեզ ասացին, որ ոստիկանները թույլ չէին տալիս վրանի կողքերը փակել, սակայն խնդիրն ի վերջո կարգավորվել է: Բժիշկները հետազոտել են հացադուլավորներին, խորհուրդ տվել ակցիան դադարեցնել, քանի որ նրանց օրգանիզմները արդեն գնում են դեպի հյուծում: Սակայն բժիշկների առաջարկը մերժվել է միանշանակ, որովհետեւ իրենք այս քայլին դիմել են՝ գիտակցելով հնարավոր զարգացումները:
Մեզ նաեւ ասացին, որ Մանե Թանդիլյանին եւ նրան միացած երկու երիտասարդներին այսօր ցերեկվա դրությամբ չեն այցելել ոչ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ոչ արտաքին գործերի նախարարությունից եւ, ընդհանրապես, պետական կառավարման համակարգից: Մարդիկ զարմացած են, որ Բաքվում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների եւ դրանց դեմ պայքարի ծայրահեղ այս միջոցին դիմելու քայլին առայժմ մտահոգության ու արձագանքի որեւէ նշույլ ցույց չեն տալիս արեւմտյան այդ հիմնարար արժեքների կրող համարվող Հայաստանում հավատարմագրված ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի գրասենյակները, ժողովրդավար կոչվող երկրների դեսպանատները, Հայաստանում գործող միջազգային մարդասիրական կառույցները:
Բայց գալիս է ժողովուրդը՝ անհատ անձինք, պարզ քաղաքացիներ, որոնք իրենց սատարումն են հայտնում: Այցելում են քաղաքական ու հանրային գործիչներ, ինչը վկայում է, որ այս պայքարը վերկուսակցական է, որ հայ ազգը հաշտ չէ այս իրողության հետ եւ պատասխանատու է իր հայրենակիցների համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ