Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Շահնազարյան․ Սարգիսին թելադրել են ինչ-որ տեքստ ու ասել են՝ եթե խղճում ես կնոջդ, ստորագրի, թե չէ իրեն էլ ենք փակում․ Forrighst.am

Մարտ 02,2025 21:17

Արցախի հայաթափման օրերին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված և մինչև 2024 թվականի մարտի 29-ը Ստեփանակերտում բնակված Սամվել Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, որն այս ժամանակահատվածում եղել է ամուսնու հետ, Forrighst.am-ին բացառիկ հարցազրույց է տվել և խոսել Արցախում անցկացրած օրերի, Հայաստան գալու ու Սարգիս Գալստյանին առաջադրված մեղադրանքի մասին։

«2024 թվականի մարտի 29-ին Հակարիի կամուրջից անցանք մեր հայրենիքի տարածք։ Մինչև դուրս գալը մեքենայում տեղադրված մեր իրերը մեկ-մեկ ստուգեցին, նոր թողեցին անցանք, մի երկու ժամ տևեց։ Չեմ կարող ասել, թե մեզ ով դիմավորեց, չեն ներկայացել, բայց մոտեցել և ասել են՝ բարի գալուստ հայրենիք։ Մենք ուրախացել ենք, որ եկել ենք հայրենիք, դժոխքը վերջացել է»,-Արցախից Հայաստանի տարածք անցնելու առաջին պահերը վերհիշելով պատմում է Մարգարիտա Շահնազարյանը։

«Հասանք Գորիս, մեզ ասացին, որ պետք է տեղափոխվենք իրենց մեքենան։ Գորիսում մեզ ասացին, որ մեր մեքենան վարելու է ուրիշը։ Ոչ մեկը չներկայացավ, մեկը փոխգնդապետ էր։ Մեր փաստաթղթերը և մեր գումարը տվեցինք նրանց։ Ինձ թվում էր, որ ամեն բան վերջացել է, և մենք պետք է անվտանգ ապրենք։ Ամբողջ ճանապարհին ես հարցնում էի՝ մեզ ձերբակալո՞ւմ եք, ասացին՝ չէ, սա գործընթաց է, որ Հակարին անցած մեր հայրենակիցներն անցնում են։ Եկանք, հասանք Երևանի ԱԱԾ»,-ասաց Մարգարիտա Շահնազարյանը՝ նշելով, որ Երևանում ինքն ու ամուսինը տարբեր սենյակներում են եղել։

Տիկին Մարգարիտան ասաց, որ երկու տարբեր սենյակներում գտնվելով հարցաքննել են իրեն ու ամուսնուն, ապա համեմատել՝ արդյո՞ք համապատասխան տեղեկություններ են հայտնում։ «Երկու հոգի մտնում էին, հարց էին տալիս, վազելով, երևի գնում էին Սարգիսի մոտ, հետ էին գալիս ու ասում՝ հա, նույնն են ասում։ Մինչև առավոտ նստացրեցին աթոռի վրա, մեկ-մեկ գալիս էին ու ասում՝ գլուխդ դիր սեղանին ու քնի։ Առավոտյան ասացին, որ գնում եք տուն, ասացի՝ Սարգիսն էլ է ինձ հետ, ասացին՝ այո։ Իջանք ներքև ասացին՝ չէ, դեռ չի գնում։ Հիմա եմ հասկանում, որ Սարգիսը դեռ չէր ստորագրել իրենց հնարած ինքնախոստովանական ցուցմունքը, դրա համար էլ բաց չթողեցին, մինչև Սարգիսը չստորագրեց»,-ասաց Մարգարիտա Շահնազարյանը։

Սարգիս Գալստյանին Հայաստանի իրավապահները մեղադրում են Ադրբեջանի օգտնին լրտեսություն կատարելու համար։ Կինն այս գործը շինծու է համարում, Forrights.am-ին փոխանցեց, որ ամուսինը տեսողության խնդիր ունի, ստորագրությունը դրել է ծանոթ չլինելով առաջարկված փաստաթղթերին։ «Սարգիսը ունի պլյուս չորս տեսողություն, առանց ակնոց ոչ կարող է գրի, ոչ կարդա։ Սարգիսին թելադրել են ինչ-որ տեքստ ու ասել են՝ եթե խղճում ես կնոջդ, ստորագրի, թե չէ իրեն էլ ենք փակում։ Հաջորդ օրը, երբ ընթերցել են, ասել է՝ էս ինչ աբսուրդ եք գրել, որտեղի՞ց եք հնարել։ Սարգիսի վրա լրտեսության հոդված են դրել, լեզուս էլ չի պտտվում ասեմ, բայց Սարգիսի նման հայրենասերներ քիչ կան։ Այս ամենի համար պատասխան են տալու, ովքեր որ գործը կարել են»,-ասում է Սարգիս Գալստյանի կինը։

Երբ հայտնի դարձավ, որ Սարգիս Գալստյանն ու կինը մնացել են Արցախում, տեղեկություն տարածվեց, որ Գալստյանին Ալիևը նշանակել է Ստեփանակերտի պարետ։ «Անընդհատ խոսում էին պարետ նշանակելու և իմ սիրողական նկարահանումների մասին։ Ես ցնցված էի, որ իմ սիրողական նկարահանումները ԱԱԾ-ի թեմա դառնա։ Ես իմ հայրենիքն էի նկարում, չէի մտածում, որ դրա համար պատասխան եմ տալու»։

Նա պատմեց, որ Ստեփանակերտում ծանր օրեր են անցկացրել, քանի որ, իր փոխանցմամբ՝ գտնվել են ադրբեջանցիների խիստ վերահսկողության ներքո։ «Իմ նկարահանումներից հետո սահմնափակեցին մեր ազատ տեղաշարժը, ստորագրեցինք, որ էլ չենք կարող նկարահանում անել, ստիպեցին ստորագրել, որ անգամ չենք կարող նկարել մեկս մյուսին։ Ես որքան էլ խնդիրում էի, որ չտարածեն իմ նկարածները, բայց մարդիկ տարածում էին Ազգային ժողովի քանդված շենքը, որ ես նկարել էի և վետերանների տունը։ Դրա համար եմ ասում դժոխք, թե չէ Արցախը մեզ համար հայրենիք էր, որքան էլ որ դատարկ լիներ։ Նկարները տարածելուց հետո եկան տունը խուզարկեցին, հեռախոները տարան։ Դատարանում հարցում են՝ ինչու իմ հեռախոսը չեն տարել, ի՞նչ ասեմ, չասե՞մ, զանգի խուզարկողներին հարցրու։ Այնտեղ մեզ կասկածում էին, որ նկարները ուղարկել ենք, որ ՄԱԿ-ին դիմեն, կասկածել են, որ նյութեր ենք հավաքել, ուղարկել, այստեղ հակառակն են ասում։ Հիմա ի՞նչ անենք մեջտեղում, Հակարիում ապրե՞նք, բաց թողեք, գնանք Հակարի»,-ասաց նա։

Հայաստանում Սարգիս Գալստյանի, այսպես ասած, ադրբեջանական գործակալ լինելու թեման այնքան տարածվեց, որ շրջանառության մեջ դրվեց Սարգիս Գալստյանին վերագրվող ծածկանուն՝ «Սարխան»։ Կինը Forrights.am-ի հետ զրույցում առաջին անգամ պատմում է, թե ինչ կապ ունի Սարխան անվանումը Սարգիս Գալստյանի հետ։

«Սարգիսը, երբ ֆեյսբուք բացեց իր առաջին էջի անունը եղել Սարխան, մեկը գրում է՝ արև, մյուսը՝ հրաշք աղջիկը, ինքը դրել էր՝ Սարխան։ Սարգիսը մի քանի էջ ուներ Սարխան, Սարի Իշխան, Ավագ Իշխան անուններով։ ԱԱԾ-ին դուր էր եկել Սարխան անունը և որոշել էին, որ դա կարող է լինել Սարգիսի մականունը։ Սարխան նշանակում է Սարի Իշխան»,-ասաց նա և խոսեց նաև այն շրջանառվող տեղեկությունների մասին, որոնց համաձայն Սարգիս Գալստյանին պատկանող Շուշիի հյուրանոցում ադրբեջանցիներ են աշխատել։

«Հյուրանոցում աշխատել են տասը հոգի, որոնք բոլորը հարկայինով անցել են՝ արմատներով ղարաբաղցի, հայի անուն-ազգանունով։ Այս մարդիկ, եթե չեն ուզում մեկ անգամ խոսեն, ասեն՝ ախպեր, մենք ենք աշխատել, ո՞ր ադրբեջանցին է եղել։ Հասարակությունը թույլ է տալիս, որ այս խոսակցությունները տարածվեն։ Անդրեյ Գրիգորյանը, որ եղել է Շուշիի անվտանգության պետը, դատարանում ասում են, որ նա է ասել, թե ադրբեջանցիներ են աշխատել, հիմա, եթե Անդրեյ Գրիգորյանը դրա պատասխանը չի տալիս, ո՞վ պետք է տա։ Նա շատ է եղել հյուրանոցում, սուրճ, թեյ ենք հյուրասիրել, նա ամեն օր եղել է հյուրանոցում»,-ասաց նա։

Մարգարիտա Շահնազարյանը կարծում է, որ ամուսնու մասին, իր գնահատմամբ, կեղծ տեղեկությունները չէին տարածվի, եթե իրեն ճանաչողները չլռեին ու խոսեին։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31