Երկրորդ օրն է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում դատվող մյուս հայ ռազմագերիների, Ազատության հրապարակում հացադուլ են հայտարարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, Արտավազդ Ալավերդյանը եւ Վարդան Ավագյանը:
Այսօր նրանց այցելել էր քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, որը Aravot.am-ին ասաց. «Հացադուլը քաղաքական պայքարի ծայրահեղ ձեւն է: Երբ արդեն խոսքի, բարեկրթության, բանակցության, քաղաքակիրթ ճնշման բոլոր մեթոդները վերանում են, քաղաքական գործիչները դիմում են այս մեթոդին՝ իրենց ձայնը ամբողջական լսելի դարձնելու համար:
Տիկին Թանդիլյանի արած քայլը, բնականաբար, տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ, որ մարդու իրավունքների պաշտպանության բոլոր թնդանոթները լռել են ամբողջ աշխարհում: Կա մեկ խնդիր: Ռուբեն Վարդանյանի, որը Բաքվի բանտում անողոք օրեր է անցկացնում, ճնշումների, խոշտանգումների է ենթարկվում, գաղափարակիցներից մի քանիսը պատասխանատվությունը ստանձնեցին նաեւ իրենց ձայնը լսելի դարձնելու եւ կոչ անելու Ռուբեն Վարդանյանին, որ դադարեցնի հացադուլը եւ խնայի իր առողջությունը մինչեւ ինքը եւ Բաքվի բանտարկյալ մեր մյուս տղերքը բարվոք կվերադառնան:
Սա այն դեպքը չէ, որտեղ պետք է ասել՝ ողջունելի է կամ դատապարտելի է առհասարակ: Հացադուլի գնալը շատ կամային եւ ծանր որոշում է՝ անկանխատեսելի ելքով: Ես կարծում եմ, որ հայաստանյան քաղաքական դաշտում պիտի լինեն մարդիկ, որոնք Մանե Թանդիլյանին պիտի այցելեն, գուցե, մի փոքր սփոփեն, փորձեն զորակցել, աջակցել թե խոսքով, թե ոգեղեն առումով: Կրկնեմ, սա պայքարի ծայրահեղ մեթոդ է: Այդ պայքարի մեթոդը որքա՞ն արդյունավետ կլինի, մենք չգիտենք: Մանավանդ, որ մենք գործ ունենք թշնամի մի պետության հետ, որպիսին Ադրբեջանն է, եւ Հայաստանից կամ աշխարհից եկած ճնշումները, կարծիքները չի լսում:
Կարդացեք նաև
Ես կարծում եմ՝ սրա լավագույն լուծումը Հայաստանի իշխանության դերակատարների փոփոխությունն է, որը կկարողանա մեր տղաներին այնտեղից հետ բերել այստեղ: Բայց դրան հասնելու համար պետք է կարողանանք միասնական լինել, ի վերջո, մեկս՝ մյուսին զորակցել: Այս ցրտին Մանեն եկել, գիշեր-ցերեկ անցկացնում է այստեղ: Մենք չպետք է անտարբեր լինենք, գոնե կողքով անցնելիս մոտենանք, սրտառուչ խոսք ասենք, զորակցենք, աջակցենք եւ այդ ամենը տիրաժավորենք մեդիայի միջոցով: Գուցե, Բաքվում գտնվող մեր տղաները սա տեսնեն եւ հասկանան, որ իրենք մենակ չեն այնտեղ, որ իրենց դատի հետամուտ եղողներ, դատը հետապնդողներ կան ամբողջ Հայաստանում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ