ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի ընկերներ,
Տեղեկացնում եմ, որ հրաժարվում եմ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից։
Երեկ՝ «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված բռնի և անհամաչափ ուժի հետևանքով ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։
Կարդացեք նաև
Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։
Մինչ այժմ, զերծ եմ մնացել հանրային կերպով դիրքորոշում արտահայտելուց՝ նախընտրելով հարցերը լուծել անհատական շփումների միջոցով։
Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս առնչությամբ ավելի ուշ պարզաբանում է տարածել. «Տեղեկացնենք, որ Կարեն Շաբոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա, քանի որ, Գործադիր կոմիտեի նիստերին անհարգելի բացակայության պատճառով, ՀՖՖ կանոնադրության 37-րդ հոդվածի կետ 6-ի ուժով վերջինս ավտոմատ կերպով պետք է հեռացվեր ՀՖՖ Գործադիր կոմիտեից:
Չցանկանալով սրել իրավիճակը՝ ՀՖՖ ղեկավարության կողմից դեռևս օրեր առաջ Կարեն Շաբոյանին առաջարկվել էր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարվել ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից, ինչին Շաբոյանը պատասխանել էր, որ մոտ օրերս կուղարկի ծանուցումը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում այսպես թե այնպես քննարկվելու էր ՀՖՖ Գործադիր կոմիտեում Կարեն Շաբոյանի լիազորությունները դադարեցնելու հարցը:
Կարեն Շաբոյանը, սակայն, ընտրեց մանիպուլյացիայի ճանապարհը՝ հայտարարելով ՀՖՖ Գործկոմի անդամությունից հրաժարվելու մասին հենց այս ընթացքում՝ զուգահեռաբար իր հայտարարության մեջ փաստացի արդարացնելով կարգազանց երկրպագուների խուլիգանական պահվածքը և նրանց կողմից հայկական ֆուտբոլին մեծապես ծառայող մարզադաշտի գույքի վնասումը»: