Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական բանականությունը մեր կյանքում. օգնակա՞ն, թե՝ սպառնալիք

Մարտ 02,2025 20:32

Այսօր արհեստական բանականությունը գրավել է ամբողջ աշխարհը։ Ուսանողները, լրագրողները, ՏՏ ոլորտի մասնագետները և առհասարակ գրեթե բոլոր ոլորտներում արհեստական բանականությունը թողել է իր հետքը։ Անգամ կան շատ  ոլորտներ, որտեղ աշխատանքը կատարվում է արհեստական բանականության ծրագրերի կողմից։ Այդ ոլորտներից է, օրինակ՝ լրագրությունը։ Այսօր արդեն կան խմբագրություններ, որոնք ամբողջովին հիմնված են արհեստական բանականության վրա, այսինքն՝ լրագրողների աշխատանքը, հաղորդավարական աշխատանքը կատարում է AI՝ ԱԲ-ն (արհեստական բանականություն)։ Սակայն չենք կարող չնշել, որ ԱԲ-ն ունի նաև իր բացասական ազդեցությունը՝

մտածելու կարողության սահմանափակում, երբ ԱԲ-ն փոխարինում է խնդիրների լուծման և վերլուծության գործընթացներին, մարդիկ հաճախ սկսում են կախված դառնալ համակարգերից, ինչը կարող է նվազեցնել նրանց քննադատական մտածողությունը։

Կարծրատիպերի ամրապնդում, երբ ԱԲ-ի որոշ համակարգեր կարող են վերարտադրել կամ նույնիսկ ուժեղացնել առկա սոցիալական և մշակութային կարծրատիպերը, եթե դրանց ալգորիթմները սխալ են կառուցված կամ տվյալները՝ կողմնակալ։

Անհատականության կորուստԱԲ-ն հաճախ կարող է առաջարկել ստանդարտ լուծումներ, որոնք սահմանափակում են անհատականությունը և ստեղծագործության ինքնատիպությունը։

Կեղծ տեղեկատվության տարածումԱԲ գործիքները, օրինակ՝ խելացի բոտերը կամ դիփՖեյքերը (Deepfake), կարող են հեշտությամբ ստեղծել կեղծ լուրեր կամ ապակողմնորոշող բովանդակություն՝ խաթարելով հանրային մտածելակերպը։

Չենք կարող  չնկատել, որ արհեստական  բանականությունը դարձել է ուսանողների, դպրոցականների օգնականը գրեթե բոլոր հանձնարարությունները կատարելիս։ AI-ի և′ դրական է, և′ բացասական կողմերի մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՊՏՀ ուսանող Աննա Մարկոսյանը․ «Իմ կարծիքով՝ արհեստական բանականության ազդեցությունը ուսանողության վրա և′ դրական է, և′ բացասական։ Դրական է նրանով, որ լայն հնարավորություններ է տալիս, ամեն պահի հասանելի է ցանկացած հարցով, հեշտացնում է ուսանողի գործը, կրճատում է տեղեկություններ փնտրելու ժամանակը։ Բացասական ազդեցությունն այն է, որ անձին կախվածության մեջ է գցում, չի թողնում սեփական ուղեղի հնարավորություններն օգտագործել։ Ինչպես նաև ոչ միշտ է հստակ ինֆորմացիա տալիս։

Չնայած արհեստական բանականության դրական կողմերի՝ Աննա Մարկոսյանը կարծում է, որ այն սահմանափակում է անձի մտածելու կարողությունը, և քանի որ մարդիկ սովորաբար ձգտում են հեշտ տարբերակին, AI-ը տալիս է այդ հնարավորությունը. «Սակայն, իմ հորդորն է օգտվելու դեպքում կարդալ տրված ինֆորմացիան, մշակել, որովհետև ոչ միշտ է ճիշտ շարադրած լինում, այնուհետև օգտագործել/օգտվել»։

 Արհեստական բանականությունն աննկատ չի անցել նաև լրագրության ոլորտի կողքով։ Ստեղծվել են մի շարք  հարթակներ, որոնք ավելի են հեշտացնում լրագրողների, հաղորդավարների աշխատանքը՝ ձայնագրությունները տեքստի վերածող ծրագրեր, պատկերներ, նկարներ գեներացնող հարթակներ։ Forbes, Reuters լրատվական գործակալությունը կիրառում են ԱԲ-ն  իրենց որոշ նյութերի ավտոմատ գեներացման և խմբագրման համար։  «Առավոտի» լրագրող Տաթև Հարությունյանը նույնպես օգտվում է ԱԲ-ի ընձեռած հնարավորություններից։ Մեզ հետ զրույցում նշեց․ «Արհեստական բանականությամբ ձայնից տեքստ եմ ստանում, տվյալների վիզուալիզացիա անում, այն օգնում է լրագրողի աշխատանքին»։ Չնայած այս դրական կողմերին մեր զրուցակիցն առանձնացրեց նաև արհեստական բանականության որոշ բացասական կողմերը․ «Զուգահեռաբար առաջանում են մի շարք էթիկական հարցեր օրինակ՝ ավելացել է լրագրողների տեսանյութերով, նկարներով դիփֆեյքերի թիվը։ Իհարկե, արհեսատական բանականությունը կարող է ազդեցություն ունենալ մարդու ստեղծարարության վրա, ճնշել մարդու ստեղծագործական ունակությունները, բայց միևնույն ժամանակ այն օգնում է թարմ գաղափարների գեներացմանն ու հմտությունների կատարելագործմանը»։

 Այսինքն՝ ճիշտ օգտագործելու դեպքում ԱԲ-ն կարող  է զարգացնել այն հմտությունները, որոնք ունի մարդը։ Սակայն այս ամենի կողքին ԱԲ-ի ազդեցությամբ անհանգստացած են նաև հոգեբանները։ Հոգեբան Սաթեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց՝ հոգեբաններն ունեն լուրջ մտավախություն, որ առաջիկայում Ալցհայմեր հիվանդությունը կարող է դառնալ ամենատարածվածը աշխարհում, որի պատճառներից մեկն էլ հենց արհեստական բանականությունն է. «Արհեստական բանականությունը (ԱԲ) մեր կյանքը դարձնում է հեշտ, արագացնում որոշումների ընդունման գործընթացը և թույլ տալիս ստեղծել բովանդակություն վայրկյանների ընթացքում, ինչը նախկինում պահանջում էր օրեր կամ ժամեր։ Այնուամենայնիվ, ԱԲ-ն ունի նաև լուրջ բացասական հետևանքներ: Մարդու ուղեղը, ինչպես մարմնի մյուս օրգանները, ծերանում  են և պահանջում են մշտական մարզում՝ անխափան աշխատելու համար։ ԱԲ-ի լայն տարածվածությունը հաճախ մարդկանց թույլ չի տալիս վարժեցնել իրենց ուղեղը, քանի որ այն առաջարկում է «հեշտ լուծումներ», ինչը կարող է արագացնել ուղեղի ծերացման գործընթացը»։

Սաթեն Գրիգորյանը նաև հավելեց․ «Իլոն Մասկի կանխատեսումների համաձայն՝  2025-ին արհեստական բանականությունը կլինի շատ ավելի զարգացած, քան այսօր, իսկ 2029 թվականին ԱԲ-ն կգերազանցի աշխարհի բնակչության մտավոր կարողությունները միասին վերցրած։ Սա կարող է բերել մարդկային ճգնաժամի, քանի որ այն ոլորտներում, որտեղ կիրառվում է ԱԲ, էմոցիաներն ու անհատական մոտիվները դուրս կմղվեն։ ԱԲ-ն չի կարող ապահովել մարդու ստեղծագործականության և քննադատական մտածողության մակարդակը, ինչպես նաև պատմական փաստերի օբյեկտիվ վերլուծություն, քանի որ հիմնվում է միայն համացանցում առկա, հաճախ սուբյեկտիվ տվյալների վրա։ Այս ամենը ցույց է տալիս, որ ԱԲ-ի դրական ազդեցություններին զուգահեռ անհրաժեշտ է քննադատաբար մոտենալ դրա բացասական հետևանքներին՝ պահպանելով մարդու ուղեղի ու մտավոր գործունեության կարևորությունը»։

Այնուամենայնիվ արհեստական բանականությունը (ԱԲ) այսօր անբաժան է մեր առօրյայից՝ մեծ ազդեցություն թողնելով կյանքի բոլոր ոլորտների վրա: Այն ընձեռում է լայն հնարավորություններ և օգնում կատարելագործել մեր հմտությունները, բայց, միևնույն ժամանակ, ունի բազմաթիվ բացասական կողմեր, որոնք կարող են վտանգել անհատականությունը, ստեղծագործականությունն ու հասարակական արժեքները:

Կարևոր է, որ մարդիկ օգտագործեն ԱԲ-ի հնարավորությունները գիտակցված և քննադատական մտածողությամբ՝ մշտապես զարկ տալով իրենց ստեղծարար և վերլուծական ունակություններին: Արհեստական բանականությունը պետք է ծառայի մարդուն՝ օգնելով զարգանալ, այլ ոչ թե սահմանափակել նրա մտավոր և սոցիալական ներուժը: Ուստի անհրաժեշտ է գտնել հավասարակշռություն՝ ԱԲ-ի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու և մարդու ունակություններն ու ինքնատիպությունը պահպանելու միջև:

Արևիկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

3-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31