Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը․ Արարատ Միրզոյան

Մարտ 02,2025 18:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ

1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում` խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու առաջնահերթությունների պայմաններում, դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության կայացման ու ամրապնդման, գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև գլոբալ օրակարգի խնդիրներին համագործակցաբար դիմակայելու ջանքերի անբաժան մասը, իսկ հաճախ՝ առհավատչյան։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում. ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով։ Այսօր, երբ աշխարհը և առանձին տարածաշրջաններ բախվում են բարդ և հաճախ անկանխատեսելի փորձությունների, անորոշությունների, երբ շարունակվում են ուժի միջոցով գերակայության ապահովման նկրտումները, դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել քան կենսական է։

Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը, այդ միջավայրում տնտեսական զարգացման հնարավորությունների ապահովումը, միջազգային համագործակցության դրական օրակարգի արդյունավետ առաջ մղումը։

Առաքելության խորը գիտակցում, անմնացորդ նվիրվածություն, անսպառ եռանդ, անսասան կամք և ճկունություն, պրոֆեսիոնալիզմ. այս գործոնների արդյունավետ համադրման պարագայում է միայն հնարավոր հաջողությամբ անցնել այս ճանապարհը։

Այս խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ և երախտիքս եմ հայտնում ՀՀ բոլոր դիվանագետներին անձնվեր ծառայության համար։ Վստահ եմ` միասին անպայման հաջողելու ենք։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31