Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա.-ն մտել է անասնագոմ ու մնացել զարմացած։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշոտ Ա.-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ.-ն, ովքեր թոշակառուներ են, իրենց ընտանիքի անդամների հետ երկար տարիներ զբաղվում են անասնապահությամբ, խնամում են խոշոր-եղջերավոր անասուններ, գառներ, այդ թվում՝ մայրացու։
Ու այսօր թոշակառու ամուսինը հայտնաբերել է, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի գառներ մի մասը սատկած են, մի մասն էլ վիրավոր են։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինն ասում էր. «Առավոտ շուտ մտա գոմ, որ անասուններին կեր տամ, հանեմ դուրս, ու երբ էդ դաժան տեսարանը տեսա, մոտ կես ժամ կարկամել էի։ Հոշոտել էին մայրացու գառներին, որոնց մեծ մասը սատկել էր, իսկ վիրավորներն էլ հաստատ չեն ապրի։ Հոշոտված գառների մի մասը գոմում էին, մի մասը՝ դրսում՝ տարբեր հատվածներում։ Վստահ ենք, որ սա գելի բան չէ, թափառող 7-10 շների մասին է խոսքը։ Ինչու ենք վստահ, որ շներն են արել, որովհետև գելը կոկորդն ու դմակն է բռնում, իսկ թափառող շներ էս մեր հատվածում էնքան շատ են, որ հարձակվում են անգամ մարդկանց վրա։ Մի քանի նմանատիպ դեպքեր են եղել, ու էդ մարդիկ ընկել են բժիշկների ձեռքը ու հենց բժիշկների շնորհիվ է, որ փրկվել են, բայց դե սոված ու կատաղած շանը ոչինչ չես կարող անել։ Բազմաթիվ անգամներ դիմել ենք Էջմիածնի քաղաքապետարան ու այդ մասին գիտի նաև քաղաքապետը, սակայն այնտեղից մեզ պատասխանում են, թե «շների գործը մեր գործը չի»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում