«Տեսա ՞ք, հասկացա՞ք՝ ինչո՞ւ եղավ 2018-ը: Հասկացա՞ք ինչ եղավ 2018-ին, հասկացա՞ք ինչպես եղավ 2018-ին, ովքե՞ր մերժեցին 2018-ին: Դուք երեւի մոռացել եք, բայց մենք հո չենք մոռացել, թե ինչպե՞ս էիք փորձում բացատրել Ձեր, Ձեր մերձավոր հարազատների ներկայությունը 2018 թվականի հրապարակում: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր հարազատներից ոմանք այդտեղ հայտնվել էին տուն գնալու ճանապարհին, բայց հայտնվել էին հենց ՀՀԿ-ականների դագաղների կողքին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հակադարձելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսում՝ ՀՀԿ-ի եւ երրորդ նախագահի մասին հնչեցրած որոշ մտքերին, որոնք օրերս առավել զարգացրեց նաեւ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ իր ծավալուն հարցազրույցում:
Հիշեցնենք, 2018-ի հեղափոխության օրերին տեսախցիկները ֆիքսել էին Ռոբերտ Քոչարյանի որդիներին՝ Սեդրակին եւ Լեւոնին՝ հեղափոխական հրապարակներում:
«Ձեր մերձավորներից որոշներն ուղղակի անցնում էին այդ ճանապարհով ու էլի հայտնվել էին, պատահաբար, Հանրապետության հրապարակում: Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից ովքեր հայտնվել էին այդ հրապարակում, միգուցե գնացել էին ստուգելո՞ւ, որ բոլոր ՀՀԿ-ականների դագաղները պահած լինեն հրապարակում: Թե՞ միգուցե գնացել էին ստուգելու՝ արդյոք Սերժ Սարգսյանի դագաղը պահել են, ընտանիքի անդամների դագաղներն էլ են միգուցե պահել հրապարակում… Համոզվեն՝ տեսնեն՝ արդյո՞ք ՀՀԿ-ականներին բոլորին մերժե՞լ են: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Նիկոլին իշխանության բերածներին է փնտրում. բայց ինչո՞ւ եք այդքան տանջվում, ընդամենը 2018 թվականի հրապարակի նկարները նայեք, ես ավելի քան վստահ եմ, այնտեղ ձեզ ավելի քան հարազատ տասնյակ հազարավոր մարդկանց կտեսնեք»,- ասաց Աննա Մկրտչյանը:
Բագրատ Միկոյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել Աննա Մկրտչյանի մոտ, նա հարցադրում է անում՝ կարո՞ղ է ենթադրել, որ «Նիկոլին Սերժ Սարգսյանն է բերել» անբովանդակ թեզը գեներացվել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում եւ օգտագործման իրավունքով հանձնվել Նիկոլին եւ նիկոլական ֆեյքերին»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ