«Հայոց Արցախ» խորագրով աշխատաժողովի մասնակիցները խոսեցին Արցախի հարցը նորից համահայկական առաջնային օրակարգ դարձնելու մասին՝ որպես հայության գոյապահպանության եւ արդարության հաստատման անհրաժեշտություն: Հնչեցված հարցերից մեկն այն էր, որ վերջին պատերազմներում պարտվել է ոչ թե Հայոց բանակը, այլ Հայաստանի դիվանագիտությունը:
Aravot.am-ը Աշխարհաժողովին մասնակցող արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին խնդրեց մեկնաբանել այդ տեսակետը: «Բանակը եւ դիվանագիտությունը աշխատում են ձեռք-ձեռքի: Եթե պետական կառավարումը ուղղված չէ արտաքին դաշտում սպառնալիքների չեզոքացմանը, այլ հակառակը՝ իր գործողություններով ավելի բարդ իրավիճակ է ստեղծում՝ դրանով առիթ, փաստորեն, հնարավորություն տալով ռազմական գործողությունների միջոցով խնդիրներին լուծումներ տալու, որոնք կարող են չեզոքացվել նույն դիվանագիտական ճանապարհներով, կարող ենք այդտեղ համաձայնել: Բայց խնդիրն այն է, որ մեկը մեկի հետ առնչվում է: Այդ բուրգը, բուրգի գագաթին կանգնած կառավարությունը, պետությունը կազմակերպում է այդ ամբողջ աշխատանքը: Այստեղ կարող ենք ասել, որ մեր պետությունը, ի դեմս իր իշխանության, պարտվել է ու այդ պարտությունը արձանագրվել է եւ դիվանագիտական դաշտում եւ բանակի միջոցով՝ պատերազմի դաշտում»,-ասաց տիկին Աղաջանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ