«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հետ հացադուլ հայտարարած Վարդան Ավագյանը Araavot.am-ի միջոցով ցանկացավ փոխանցել, որ իրենց այս ակցիան կուսակցականության հետ ոչ մի կապ չունի:
«Մենք միացել ենք հայորդի Ռուբեն Վարդանյանին եւ խնդրում ենք, որ դուրս գա հացադուլից՝ պայքարը շարունակելու նպատակով: Նրա կյանքին վտանգ է սպառնում: Մենք կողմ ենք իր բոլոր պահանջներին: Բայց առաջին հերթին, եւ սա մեր խնդրանքն է, մեր այս քայլով փորձում ենք մեր ձայնը հասցնել նրան»:
Խոսելով Բաքվում ապօրինաբար պահվող եւ շինծու մեղադրանքներով դատվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի գործող իշխանության անգործության եւ ընդամենը երեկ արված հայտարարության մասին, թե իրենք շատ զգույշ են, որպեսզի մեր հայրենակիցներին գերեվարության մեջ չխոշտանգեն, Վարդան Ավագյանն ասաց. «Նախ, իրենք առհասարակ ոչինչ չեն անում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման համար: Մինչ այս, երեւում է, որ մատը մատին չեն տալիս: Իսկ իրենց խոսքը գալիս է նրանից, որ ժողովրդի ցասում, պահանջ եղավ: Եղան մի քանի ակցիաներ ու նրանք ստիպված էին ինչ-որ մի ձեւ մեկնաբանել: Բայց նրանք առհասարակ ոչինչ չեն անում: Անկեղծ ասեմ՝ հույս էլ չունեմ, որ բան պիտի անեն, թեեւ իրականում իրենք պիտի անեն: Հայաստանի կառավարությունն է երաշխավորը հայերի, ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ իրավունքների պաշտպանության: Բայց ինչպես տեսնում են բոլորը, նրանք թե ունակ չեն, թե չեն ուզում: Ավելի շատ՝ չեն ուզում, վախենում են: Նրանք Ռուբեն Վարդանյանից եւ Բաքվում գտնվող մեր հայրենակիցներից ավելի շատ են վախենում, քան Ալիեւից: Բայց կգա օրը, եւ նրանք կստանան իրենց համապատասխան պատիժը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ