Aravot.am-ին տեղեկություններ էին հասել, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ընտրությունների նախաշեմին ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալելուց ու ազատ արձակելուց մեկ օր անց ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը սկսել էր նոր բացահայտումներ անել նախկին քաղաքապետի՝ 2001 թվականի գործունեությունից։ Մասնավորապես փաստական տվյալներ էր ձեռք բերել, որ 2001 թվականի օգոստոսին առանց ավագանու որոշման, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ նախկին քաղաքապետը Արսեն և Կարեն Խաչատրյաններին տրամադրել էր Հաղթանակի պողոտայի միջնամասում գտնվող պուրակի՝ Սպանդարյան և Պուշկինի փողոցների միջև ընկած 3900 քմ մակերեսով հողատարածքը, որից 372.6 քմ․-ը օգտագործվել է բարձր ռիսկայնության հիմնական օբյեկտ՝ բենզալցակայան կառուցելու նպատակով։ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում էր նաև այն մասին, որ այն ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված հողատարածք է, այսինքն կանաչ գոտի է։
Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն, այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այս թեմային ու դիմելով իրավապահներին, ասաց․ «Գիտեք, դուք մեղք եք, էնքան բացահայտ է ձեր քաղաքական պատվերը, չհոգնեցի՞ք դուք էդ դավերից։
Ձեր կառույցի՝ դատաիրավական ոլորտի ռեյտինգն էնքան եք ցածրացրել, պլենդուզի մակարդակից վայր է։ Գիշեր-ցերեկ ինձ ասում եք՝ ի՞նչ անենք, հանձնարարական են տվել, օրենքը պիտի լինի ձեր հանձնարարականը, ամոթ է, մի քիչ դրանով առաջնորդվեք, որպեսզի էս երկիրը իրոք իր ճահիճից դուրս գա։
Դատաիրավական ոլորտն է, որ քանդում է մեր երկիրը, որովհետև կատարում եք սրա-նրա հանձնարարականները, դուք պետք է օրենքը կատարեք, ոչ թե սրա-նրա հանձնարարականները»,-շշպռեց Վարդան Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Ղուկասյանը հարցրեց՝ ինչո՞ւ են ընկել իր հետևից ու ուզում են դատեն։ Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանին դատելու ժամանակ ինքը դեմ է քվեարկել։
«Եվ ընդհանրապես ես կյանքում չեմ ուզեցել՝ որևիցե մեկը գաղութ գնա, բացի մանյակներից, երկրի դավաճաններից ու արյուն ծծողներից, իսկ մնացածներին՝ ազատություն, հասկանալի՞ է։
Եվ մնացածն էլ, լավ գիտեցեք, Աստվածաշունչն ասում է՝ մի դատեք, որ չդատվեք, հլը դուք տեսեք նախկին դատախազները որտեղ են՝ փախած, դատված, մահացած․․․
Հլը նայեք ներքին գործերի նախարարները որտե՞ղ են, մեռած, սպանված, չգիտեմ ինչ։ Դատավորները նույնությամբ, ընենց արեք, որ դուրս գաք, ընկնեք ժողովրդի գիրկը, ոչ թե եսիմ ում գիրկը, հասկանալի՞ է, մնացածի տեր ու տիրականն էլ Աստված է։
Հումորով ձեզ ասեմ, որ մի քիչ զգաստանաք, գետինը մտնիք, էդքան բան»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ