Բողոքի ցույցի դուրս եկած Կրասար գյուղի բնակիչ Մանուկ Բաղդասարյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ իր 9 անասուններից 5 հատին բրուցելոզով վարակված են հանել։ Ըստ նրա, սա Կրասար գյուղի անասնապահությամբ զբաղվող բնակիչների գլխին սարքած պատմություն է, ժողովրդին կոտորելու նոր ձև է։
«Էսպես բան ո՞վ էր տեսել, կապած անասունները միանգամից վարակվեցին ու հիվանդացան, արոտավայր տանելու սեզոն էլ չէ, որ անասունները շփվեն մեկը մյուսի հետ։ Նոյեմբերին արյուն են վերցնում, ասում են՝ հիվանդ անասուն չունեք, փետրվարին գոմը կապած տեղերը՝ սաղ վարակվո՞ւմ են։ Ինչպե՞ս հասկանանք։ Առավոտվա 6-ից գոմն ենք մինչև իրիկվա 10-ը։ Ուզում են մեր անասուներին վերացնեն, բերեն, իրենցը ծախեն վրեքս»,-ասում է նա։
Կարդացեք նաև
Ոչ պակաս զայրացած է գյուղի անասնաբույժը։ Նա համար արժանահավատ չէ, որ գյուղի 250 գլուխ անասնագլխաքանակ կարող են վարակված լինել։
«Եթե չեն կարող տեր լինել իրենց ժողովրդին, Թուրքիան ու Վրաստանը մոտիկ են, ի՞նչ անենք, գնանք։ Հայտարարում են, թե գյուղացիք տուգանքի մատերիալ չէ, բայց էսօրվա դրությամբ ապացուցում են, որ հենց էլ տուգանքի մատերիալ են։ Գյուղացու կողքը կանգնող չկա, այ, կարող են ջարդել սովից։ Մարդ կա էս գյուղում հինգ կով ունի, հինգ կովին էլ բրուցելոզ են հանել։ Առաջին ստուգման ժամանակ 1-2 հատին են հանել հիվանդ, տաս օր անց իբրև համատարած է»։
Անասնաբույժն առաջարկում է գալ, նորից ստուգել։
Նա զայրանում է, որ ավագանու անդամներ են ընտրել, պատգամավորներ, բայց ոչ մեկը չի բարեհաճում գալ, խնդիրը լսել, երբ գյուղացիներին սնանկացնում են։
«Ասում են՝ ընտրեք մեզ, լավ կէղնի, ում ընտրեցինք, ավելի վատ էղավ։ Վարչապետ ունինք, տեղակալներ ունի, սամայլոտը նստում են իրենց հաճույքներով գնում, ամեն ինչ անում են, բայց էսօրվա դրությամբ էս մարդկանց տեր չեն կանգնում, եթե չեն կարող, էլի եմ ասում, սահմանը բաց է, կգնանք Վրաստան»,-զայրացավ անասնաբույժը։
Գյուղի կանայք էլ ասում են՝ ո՛չ թոշակառու են, ո՛չ նպաստառու, գյուղի անասուններին հարկադրում են մորթել, ինչո՞վ պիտի ապրեն։
«Չենք հավատում, որ հիվանդ են անասունները, 12 անասունից 10-ին հիվանդ են հանում, մենք չենք հավատում, որ բրուցելոզ են մեր կենդանիները, մեր ձեռքից վերցնում են անասուններն։ Ռուսաստանից պատվաստանյութ է գալիս, թող հլը վերահսկեն, պատվաստվելուց հետո մեր կովերը սկսել են վիժել, հիմա պնդում են, թե բրուցելոզ է, չենք հավատում։ Մեզ ապրուստից զրկում են, ինչո՞վ պիտի ապրենք։ Ելանք Նիկոլ ընտրեցինք, Նիկոլն ո՞ւր է, ո՞ւր է մեր վարչական ղեկավարը, ընտրեցինք, չէ՞»։
Գյուղացիներից մեկն էլ դժգոհեց, որ նոյեմբերին 20-ին իր կովերից արյուն են վերցրել, բայց մինչ պատասխանը կգար, վիժող 5-6 կովերին վաճառել է, հետո եկել են, հայտարարել են, թե բրուցելոզ կա։
«Հիմի պնդում են, որ կովի գլուխը գտնես բերես, բայց որտեղի՞ց բերեմ, եզդիներն եկել, տարել են, եկան Սննդի անվտանգության տեսչությունից, գրեցին, ջնջեցին, 80 հազար դրամով ինձ տուգանեցին»։
«16 կովից 16-ն էլ բրուցելոզ են հանել, սպանդանոց էլ չկա, որ տանես մորթել տաս, անասուններն էլ էնքան նիհար են, որ 4 հատ մորթեմ, 1 հատ չեմ կարողանա առնել, գյուղացին գոմի մեջ տանջվում է, բռնում ու տուգանում են, դե գնա ու ապրի, վերջը ինչ պտի լինի», -դժգոհեց գյուղացին։
Ֆերմերներից մեկն էլ հեգնեց՝ «Ապագան կա, կովերը չկան»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ