Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը. Մանե Թանդիլյան

Մարտ 01,2025 20:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր արդեն 12-րդ օրն է` Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։
Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։
Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։

Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր։

Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։

Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ։

Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։

Ռուբե՛ն, հայ ժողովրդի արժանի զավակ, հայրենիքդ քո կարիքն ունի և քեզ սպասում են այստեղ…

Ավելի վաղ Մանե Թանդիլյանը գրել էր․

Երեկ ու այսօր Հայաստանի պաշտոնյաները, ներառյալ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ մի օր հայ ժողովրդի անդառնալի ցասմանն են արժանանալու Բաքվում պահվող հայորդիների հարցը անտարբերության մատնելու համար, փորձ են անում նորից թմրեցնել ու մոլորեցնել հայ հանրությանը, ասելով, թե՝ անում ենք, արդյունք չի տալիս։

Մի կողմ թողնելով անթաքույց ապիկարության ինքնախոստովանության խորքային պատճառները՝ մարդկանց մոտ, ովքեր վաղուց արդեն ոչ պողոս են, ոչ համբալ են, ոչ տուգանքի մատերիալ են ու ոչ էլ՝ վերջերս պարզվեց, հաչող շներ, հարց է առաջանում․ էդ ի՞նչ անտեսանելի «ջանքեր» են, որոնք երեկոյան գործադրում եք, իսկ առավոտյան ինքներդ ձեր «ջանքերը» ջրում՝ հայտարարելով, թե «ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ», որով հօդս եք ցնդեցնում ձեր իբր թե գործադրած ջանքերը և նոր հնարավորություններ ընձեռում Բաքվի ռեժիմին հատորներով նոր հոդվածներ ավելացնել Ռուբենի և Հայաստանի Հանրապետության վրա։ Ձեզ ի՞նչ է թվում, ինչքան երկար կարելի է մարդկանց անուղեղի տեղ դնել։ Դուք անհարմար չե՞ք զգում։ Ավելորդ եմ համարում հղում անել փաստաբանական թիմի այն հայտարարություններին, որով ուղղակի թե անուղղակի պարզ է դառնում ձեր անգործությունը։ Չեմ էլ խոսում այն մասին, որ մեզ միջազգային հանրությանը տրված ազդակները հետևյալի մասին են․ եթե ձեր իշխանությունն ոչինչ չի անում, մենք ինչ և ինչու պետք է անենք։

Լավ, թող ես սխալվեմ, երջանիկ լինեմ, եթե այդպես լինի։ Կոնֆիդենցիա՞լ է, չե՞ք կարող հրապարակային անել, շատ մտահո՞գ եք, որ կվնասեն ձեր հայտարարությունները․․․
Որ վնասում են, դրանով մտահոգ չեք, բայց որ ասեք՝ ինչ եք անում, դրանով կվնասեք՝ մտահոգ եք։

Լավ, դա էլ թող այդպես լինի։ Բա ո՞վ է ձեզ խանգարում հրավիրել այդ 23 ընտանիքների ներկայացուցիչներին, ու հաշվետվություն ներկայացնել, թե այս ավելի քան 500 օրվա ընթացքում քանի անգամ և ինչ գործիքներով, միջոցներով եք «ջանք» գործադրել։ Բացատրեք այդ մարդկանց, թե չեք վնասել Բաքվում պահվող մեր հայրենակիցների ձեր հրապարակային անամոթ հայտարարություններով, այլ օգնել եք, «ջանք» եք գործադրել․․․

Մի ծաղրեք մտածող մարդկանց ուղեղները, գոնե լռեք, ուղղակի լռեք, դա գոնե կարողանում եք, երբ ցանկանում եք ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31