Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտից իրիկուն ճչում են՝ «Ապագա կա»․ ֆերմերին ուզում եք կոֆե խմող սարքել, սա է ապագա՞ն»․ Կրասարցի ֆերմեր

Մարտ 01,2025 20:04

Աշոցք խոշորացված համայնքի Կրասար գյուղի ֆերմեր Համազասպ Սահակյանը, որը անասնաֆերմա է ստեղծել, աշխատակիցներ ունի, զայրացած է, որ բրուցելոզով վարակված են հանել բոլոր գյուղացիների անասուններին։

Նա Կրասարի մյուս բնակիչների նման չի հավատում, որ անասունները վարակված են, քանի որ դեկտեմբերի 20-ին արյուն են վերցրել կենդանիներից ու իր 50 անասուններից ոչ մեկը վարակված չի եղել, իսկ փետրվարի 10-ին ասել են, թե 37-ը վարակված են։

«Սա կասկածելի է, ձմեռային մսուրային շրջան է, կովերին բացարձակ գոմերից դուրս չենք թողել, բրուցելոզ կպա՞ն, Էդ ումի՞ց կպան, ինձանի՞ց։

Ասում են՝ գյուղից 250 կով բրուցելոզ են, էն մի անասնաբույժն է ազատվում, մյուսն է ազատվում, էդպես չի լինի, բերեն, մեր կովերը տան, նոր ազատվեն, էդպես չի կարելի աշխատել։

Հենց զրույց ենք տալիս, ասում են՝ «Ապագա կա», ապագան մեզանից առաջ է գնում, հասեք հետևից, ո՞ւր է ապագան։ Եթե տեր չեղան, ապագան կլինի այն, որ մեր գյուղի էս մի կողմը Թուրքիան է, մյուս կողմը Վրաստանն է, գնանք, էնտեղ ապրինք, ելք չկա։

Ախր հնարավոր չէ, որ էդքան կով բրուցելոզով հիվանդ լինի այս սեզոնին։ Անասնաբույժների սխալի պատճառով մենք ենք տուժվում։

Նիկոլ Փաշինյանը սուբվենցիայով գոմ է սարքում, գնում, ֆռռում, ուրախանում է, բայց իմը ես եմ սարքել, 100 դրամ տվող չի եղել, բայց եկել են, թե միջի կովերը տանինք։ Տեր եղե՛ք, թողե՛ք գյուղացին ապրի»,- ասում է Համազասպ Սահակյանը։

Թե ինչու են գյուղացիների կովերին համատարած վարակված հանել ու հարկադրում են սպանդի ենթարկել, ֆերմերն ունի իր բացատրությունը։

Նրա տեղեկություններով, 2000 հատ հղի երինջ են ներմուծել Հայաստան, դրանք պիտի վաճառեն գյուղացիների վրա, հիմա շահագրգիռ են, որ գյուղացու ունեցածը վերացնեն ու կարողանան նորը գնել տալ,  դրա համար էլ ունեցած գլխաքանակն արհեստականորեն պակասեցնում են։ Նա նշում է, որ իրեն հազար անգամ զանգահարել են, խնդրել, որ գնա, գնի ներմուծված անասնագլխաքանակից, խոստացել են մեծ զեղչեր անել։

«Բժիշկները բրուցելոզ հանեցին ու հեռացան, էսպես տեր չեղնելով՝ ո՞ւր ենք հասնելու, 15 օր ժամանակ են տվել, ինչի՞ իրենց առած կովե՞րն են, որի՞ց են խաբար․․․ Մտքերով չանցնի, գան զոռով կով տանեն իմ գոմից։

Հլը չեն եկել արյուն վերցնելու, միլպետից, դատախազից հետ գալիս են, ինչի ես մարդասպա՞ն եմ։ 3 տարի անընդմեջ արյուն եք վերցրել, 25 տարի հիվանդ չէին, փետրվարի 10-ին սաղ բրուցելոզով հիվանդացա՞ն»,-զայրանում է ֆերմերը։

«Տելեվիզոր ես նայում, առավոտից իրիկուն ճչում են՝ «Ապագա կա», հեչ տեսե՞լ եք ապագա։ Մտքերից հանեն, որ ԱԱԾ-ն պիտի գա տանի, 50 հազար բերետավոր էլ բերեն իմ վրա, չեն կարողանա տանել կովերիս, ես էլ մի աշխարհ պարտք ունեմ»,-շարունակում է մեր զրուցակիցը։

Ֆերմերն ասում է՝ եթե այս ձևով շարունակեն, իր աշխատակիցներին ստիպված կլինի կրճատել, թող գնան նստեն «Նիկոլի պատի տակ» ու  տեսնեն՝ ապագան որտեղ է։ Նա նշում է, որ ի շնորհիվ գյուղի երկու ֆերմերների՝ գյուղում անգամ նպաստառուներ չկան։

Նա նեղվում է, որ պատճառաբանելով, թե կովերն իբրև բրուցելոզով են վարակված, վաղը մյուս օր մի կիլոգրամը իրենցից 500-600 դրամով կտանեն։

«Քանի՞ հատ կով ծախեմ էս դեպքում, որ մի հատ առնիմ։ Մի տարի հետո նորից պտի ընկնեք, ձայն հավաքեք, բա տեր եղեք, էսպես ձայն պտի հավաքե՞ք»,-հարցնում է ֆերմերը։

Նա Աշոցք է հրավիրում Նիկոլ Փաշինյանին ու ասում՝ «Եթե դու չես կարող գալ, նախարարին ուղարկի, բայց մեր երկիրն ունի՞ գյուղնախարար, չունի։ ԿԳՄՍ նախարար ունի, էդպես հո չի լինի, գյուղնախարար որ չունենա մի երկիրը, ո՞վ պիտի մեր հարցերը լուծի»։

«Հինգ տարին մեկ գրում են՝ «Ապագա կա», չաքուճն առնում, հասնում են վրեքս, սա՞ է ապագան։ Ֆերմերից մնացել է «Ֆ» տառը, մյուս ֆերմերն էլ կտեսնի՝ իմ գլուխն ինչ արեցին, ինքն էլ մի կողմ կքաշվի, ու էս երկրում բոլորս կմնանք որպես կոֆե խմող, էսպես չի լինի։ Սա ծայրամաս է, եկեք, տեսեք մարդն ինչ ձևի է ապրում։

Հենց գան կովերիս զոռով տանելու, պաժառ կտամ գոմը, թող տեսնեն, թե ֆերմերի հոգուն ինչքան է հասել, որ նման քայլ է անում»,-ասում է ֆերմերը։

Նա նշում է՝ Նիկոլ Փաշինյանին են ընտրել ու փոշմանել, հիմա եթե թեկնածուն Վրաստանից լինի, նրան կընտրեն ու Փաշինյան չեն ընտրի։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31