2024 թվականի հունիսի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Երևանի զարգացման հեռանկարների մասին ու հայտարարել, որ բարեփոխումների հիմքում մեկ նպատակ է՝ Երևանը դարձնել «Խելացի քաղաք»՝ թվայնացված ու արդիականացված։
«Խելացի քաղաք»-ի կառուցման մասին խոստումներ հնչել են թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների օրոք։ Մենք փորձել ենք հասկանալ, թե որքանով են իրականացել այդ խոստումները։
«Խելացի քաղաքը», ըստ ՀՀ կառավարության՝ 2018թ․-ի մարտի 1-ին ընդունված արձանագրային որոշման, մշտապես զարգացող քաղաքային բնակավայր է, որտեղ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումներ քաղաքացիների և քաղաքի հյուրերի անվտանգ և հարմարավետ կյանքի պայմանների ապահովման համար:
Ծրագիրը՝ Տարոն Մարգարյանի օրոք
Կարդացեք նաև
2015 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Խելացի քաղաք ձևաչափը Երևանում» աշխատանքային խմբի հանդիպումը, որից հետո մեկնարկեց «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման գործընթացը։
Հայեցակարգը պետք է գրվեր ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում» ծրագրի շրջանակում։
Այդ ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել էր, որ ծրագրի նպատակը Երևանում ռիսկերի կառավարմանն ու քաղաքի կայուն զարգացմանն ուղղված նորարարական մոտեցումների մշակելն ու առաջարկելն է:
Նշված հայեցակարգը բաց աղբյուրներում գտնել չհաջողվեց։ Մենք Երևանի քաղաքապետարան հարցում էինք արել՝ հասկանալու արդյոք այն մշակվել և ընդունվել է։ Ի պատասխան քաղաքային իշխանությունը նշել էր, որ դա եղել է անդրանիկ հանդիպումը, որից հետո տարբեր քննարկումների արդյունքում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի աջակցությամբ մշակվել է «Yerevan Smart and Resilient City» հայեցակարգը։
Նշված հայեցակարգին ծանոթանալու համար դիմեցինք ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ։ Կառույցից պատասխանեցին, որ հայեցակարգը մշակվել է և տրամադրվել Երևանի քաղաքապետարանին՝ որպես աշխատանքային փաստաթուղթ, հետևաբար իրենք դա չեն հրապարակել։
Մենք կրկին հարցում կատարեցինք Երևանի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին, որ հայեցակարգը չի հաստատվել, այդ պատճառով էլ հրապարակված չէ, այն օգտագործվել է որպես աշխատանքային փաստաթուղթ, որին ծանոթանալու համար կոչ արեցին դիմել ՄԱԿ-ին։
Վերադառնալով Տարոն Մարգարյանին. 2017 թվականի հոկտեմբերի 21-ին մեկնարկեց «Խելացի քաղաք» երկօրյա հաքաթոնը, որի նպատակը, ըստ Մարգարյանի, քաղաքի համար երեք հիմնական ուղղություններով խելացի լուծումներ մշակելն էր՝ տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում:
Երևանի քաղաքապետարանից հարցրել էինք, թե հաքաթոնում հաղթած մասնակիցների գաղափարները կյանքի կոչվե՞լ են և օգնե՞լ են արդյոք Երևանին դառնալ ավելի «խելացի» քաղաք։ Կառույցից, ըստ էության, չեն պատասխանել մեր հարցին.
«Հաքաթոնը գաղափարական մրցույթ է և չի նախատեսում 24 ժամում ստեղծվող որևէ լուծում ներդնել և կիրառելի դարձնել մայրաքաղաքում»,- նշել էր քաղաքապետարանը։
Նկատենք, որ այս մրցույթից և հաղթանակների շնորհումից անցել է շուրջ 7 տարի, իսկ հաքաթոնները, որպես կանոն, անհամեմատ ավելի կարճ ժամկետներում իրականացվող ծրագրեր են։
2017-ի հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքեցին համագործակցության եռակողմ հուշագիր, որով պատրաստակամություն հայտնեցին աջակցել «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը: Տարոն Մարգարյանն իր հերթին պատրաստ էր կազմակերպել կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որոնք «նպաստելու էին քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծումների մշակմանը»։
Քաղաքապետարանից հարցրել էինք, թե կոնկրետ ի՞նչ ծրագրեր են իրականացվել այս հուշագրի ստորագրումից հետ, նորարարական ի՞նչ լուծումներ են ներդրվել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում այս համագործակցության շնորհիվ։
Ի պատասխան քաղաքապետարանը հիշատակել էր իրականացված միայն մեկ՝ «WIFI գրադարանում» ծրագիրը։
2017-ին ստեղծվել էր նաև «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով, որն ուներ 13 անդամ։ Հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը 2018-ի մարտին հայտարարել էր, որ մինչև տարեվերջ նախատեսում են իրականացնել տարբեր միջոցառումներ ու ցուցահանդեսներ՝ այդ թվում «խելացի քաղաքների» վերաբերյալ միջազգային գիտաժողով։
«․․․Մենք կհրավիրենք միջազգային մակարդակի փորձագետների, որոնք զբաղվում են «խելացի քաղաքների» համար լուծումների մշակմամբ: Կլինեն 50 եղբայր քաղաքների ներկայացուցիչներ: Երկրորդ միջոցառումը՝ «Երևան՝ խելացի քաղաք» միջազգային ցուցահանդեսն է: Ցուցահանդեսում մասնավոր ընկերությունները և պետական կառույցները կցուցադրեն իրենց ինովացիոն լուծումները»,- նշել էր նա:
Քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան ասել են, որ խոստացված գիտաժողովն ու ցուցահանդեսը չեն իրականացել։
Ծրագիրը՝ Տարոն Մարգարյանից հետո
2019 մարտի 26-ին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպեց «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «խելացի քաղաք» նախաձեռնության ՏՏ խորհրդատու Ֆրեդ Սիթբոնի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից մշակված «Խելացի քաղաք» լուծումները, որոնք, ըստ քաղաքապետարանի, հաջողությամբ ներդրվել են տարբեր երկրներում։
Երևանի քաղաքապետարանից հարցրել էինք, թե ի՞նչ արդյունքներ են գրանցվել այդ հանդիպումից հետո և արդյոք հայեցակարգը մշակվել է։ Քաղաքապետարանից պատասխանել էին, որ «այս հանդիպման և դրանից բխող համագործակցության վերաբերյալ փաստաթղթավորված տեղեկատվություն առկա չէ»։
Հրաչյա Սարգսյանը այդ հանդիպմանը նաև ասել էր, որ Երևանի քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման ուղղությամբ, որն էլ կդառնա գործնական ծրագիր։
Քաղաքային իշխանության՝ մեզ տրամադրած պատասխանի համաձայն՝ հաստատված հայեցակարգ նրանք չունեն, բայց ունեն այդ ուղղությամբ աշխատելու գործելաոճ։
«Կա քաղաքապետին կից թվայնացման խորհուրդ՝ նրա տեղակալների մասնակցությամբ, որտեղ քննարկվում են թվայնացման գործընթացները։ Քաղաքապետարանը, ըստ մեզ տրված բանավոր պատասխանի, առաջնորդվում է ՄԱԿ-ի առաջարկած «միջազգային քաղաքների թվայնացման ճիշտ ճարտարապետության ստանդարտներով»։
Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը
2017-ի փետրվարի 13-ին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց «Հուավեյ թեքնոլոջիս Արմենիա» (Huawei Technologies Armenia) ընկերության հետ՝ «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ։ Ընկերությունը պատրաստվում էր գործարկել տեսապատկերի անալիզի պիլոտային ծրագիրը: Այն ուղղված էր երթևեկությունը կարգավորող, խցանումները նվազեցնող տրանսպորտային հոսքերի կառավարմանը, ինչպես նաև անվտանգության բարելավմանը։
«Նախատեսված է Երևանի երեք խաչմերուկներում (Կոնյակի գործարանից մինչ Երևանի քաղաքապետարան) իրականացնել լուսաֆորների ղեկավարում, որի արդյունքում կենտրոնում խցանումները կպակասեն, քանի որ բավականին բարդ խաչմերուկներ են, մեծ ազդեցություն ունեն դեպի քաղաքի կենտրոն մուտքի և ելքի վրա։ Հուսով ենք՝ մինչ օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկիզբ կունենանք արդյունքներ»,- ասել էր ընկերության կորպորատիվ վաճառքների մենեջեր Հայկ Հակոբյանը։
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ 2019 թվականի փետրվարի 14-ին նախարարությունում կազմակերպվել է հանդիպում-քննարկում «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչների՝ «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև։ Քննարկման ընթացքում որոշվել է «Խելացի քաղաք» ծրագրի իրականացումը փոխանցել Երևանի քաղաքապետարանին։ Նախարարությունից հրաժարվեցին ծրագրից մանրամասներ հայտնել, քանի որ «համաձայն հուշագրի դրույթների՝ ծրագրի մշակման և իրականացման շուրջ խորհրդակցումները և տեղեկատվության փոխանակումը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման»։
«Հուավեյ»-ի հետ պայմանագրի ստորագրումից 1 տարի անց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել էր «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծը և ստացել հավանություն։
Նախագծով կատարված աշխատանքին ծանոթանալու համար հարցում արեցինք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղից պատասխանեցին, որ ՀՀ կառավարության 2021 թ. Հոկտեմբերի 21-ին N 1728-Ն որոշման համաձայն՝ անվավեր են ճանաչվել ՀՀ կառավարության բոլոր արձանագրային որոշումները, այդ թվում՝ վերը նշված որոշումը։
Համագործակցությունը Չինաստանի հետ
2020 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանում «Խելացի քաղաք» հիմնադրելու մասին պայմանագիր ստորագրվեց Չինաստանի տեխնոլոգիաների ակադեմիայի, Չինաստանի տեխնիկական զարգացման ընկերության և ԱԴԿԱՌՍ Հայաստանի վերակառուցման և զարգացման գործակալության միջև:
Նշվում էր, որ 10-15 մլրդ դոլարի ներդրում է արվելու։ Քաղաքի նախագծման աշխատանքները պետք է սկսվեին 2021 թվականին: Նախատեսվում էր ստեղծել համատեղ ընկերություններ, որոնք կզբաղվեին գիտական նորարարություններով, նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ, մասնավորապես՝ արհեստական բանականությամբ, «խելացի» գյուղատնտեսության, բժշկության, տուրիզմի, բանկային համակարգի ձևավորմամբ:
Չնայած այս արարողակարգին և հնչված խոստումներին՝ ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը 2020-ի սեպտեմբերի 2-ին ասել էր, որ ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ չինացի գործընկերները այդ առումով տեղեկություն չունեն:
«Նման բյուջեով նախագծի իրականացումը հավանաբար ներառված կլիներ կոմպետենտ մարմինների բանակցություններում, սակայն նման բան չկա»,- նշել էր նա:
Ծրագրի իրականացումն ու հետագա ընթացքը հասկանալու համար կապ հաստատեցինք ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության տնօրեն Սարգիս Գևորգյանի հետ, վերջինս նշեց, որ այդ պայմանավորվածությունները չիրագործվեցին պատերազմի պատճառով։
Այսպիսով, 2015 թվականից մինչ այսօր հնչել են խոստումներ Երևանը «Խելացի քաղաք» դարձնելու մասին, մշակվել են հայեցակարգեր, ստորագրվել հուշագրեր, բայց դրանց զգալի մասն այդպես էլ կյանքի չի կոչվել։ Քաղաքապետարանը այդպես էլ չի ընդունել ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի աջակցությամբ մշակված հայեցակարգը։
Հարություն ՊԱՊԻԿՅԱՆ