Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ի՞նչ բարդակ եք սարքել, ինչի՞ եք ընկել գյուղացու հետևից»․ Փաշինյանին ընտրած Կրասարի բնակիչներն անհասկանալի պատմության մեջ են

Մարտ 01,2025 16:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշոցք խոշորացված համայնքի Կրասար գյուղի բնակիչները, որոնք գյուղովի անասնապահությամբ են զբաղվում (այստեղ գրեթե նպաստառուներ չկան․ աշխատասեր տեղանք է) այսօր բողոքի ցույցի էին դուրս եկել՝ պնդելով, թե իրենց անասունների շուրջ անհասկանալի մի պատմություն է ծավալվել։

Գյուղացիների ասելով, իրենց անասուններին պատվաստանյութ են ներարկել, որից հետո կովերը սկսել են վիժել։ Իրենց դիմում համաձայն՝ անցած տարվա նոյեմբերին արյուն են վերցրել կենդանիներից ու ասել, թե բրուցելոզ է սկսվել։ Իսկ փետրվարի վերջ եկել ու հայտարարել են, թե գյուղի բոլոր անասուններն են բրուցելոզով վարակված (խոսքը մոտ 270 գլուխ անասնագլխաքանակի մասին է), որը կասկածի տեղիք  է տվել, քանի որ անասուններին այս սեզոնին արոտավայր չեն տանում, գոմից դուրս չեն հանում։

Գյուղացիները դժգոհում են, որ իրենց գյուղովի սննկացնում են․ վարկեր են վերցրել, որ անասնապահությամբ զբաղվեն, բայց հիմա իրենց հարկադրում են անասուններին մորթել, միսը էժան գնով հանձնել, մինչդեռ իրենք համոզված չեն, որ անասունները բրուցելոզով են տառապում, քանի որ այս երկու ամիսների ընթացքում կաթ-մածուն են օգտագործել ու բացարձակապես չեն հիվանդացել։

Գյուղացիներից ոմանք համոզված են, որ սա հատուկ ծրագիր է․  հարկադրում են գյուղացիներին իրենց անասուններին այս ձևով վերացնել, որպեսզի ստիպված լինեն դրսից այս պահին ներկրված անասունները գնելու։

Ֆերմեր Կորյուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Իմ 39 անասուններից արյուն են վերցրել ու 33-ին բրուցելոզով հիվանդ հանել։ Ես մասնագետ չեմ, իրենց ասելով բրուցելոզ է, հիմի էլ 15 օր ժամանակ են տալիս, հանում, թուղթն էլ ցույց են տալիս, թե 15 օրվա ընթացքում պիտի վերացնենք անասուններին, էն էլ սպանդանոցային մորթի պտի ենթարկես։

 

Գիտեք, որ սպանդանոց չունենք, էդ հարցն էլ ենք տալիս, պատասխան չկա։ Մի կողմից սննդի տեսչությունն է պնդում, որ անասուններիդ պիտի մորթես, մյուս կողմից էլ՝ բանկը, թե վարկերդ պտի բերես։

Անասուններն էլ դրած են վարկի տակ։ Նոյեմբերին եկան, արյուն վերցրեցին իմ անասուններից ու եկավ պատասխան, թե մի հատ հիվանդ անասուն չունեմ։ Եթե լիներ, ես չէի պահի, դա վարակ է, իմ կովերը դրսից բերած, ներմուծված ապրանքն են, հո չէի պահի էդ մեկին, որ սաղ գոմս վարակեի, բայց չունեի հիվանդ անասուն։

Փետրվարին նորից եկել, արյուն են վերցրել, մեկ էլ եկան, թե 33-ն էլ հիվանդ են։ Ի՞նչ ձևի հասկանամ, երբ անասունները գոմերից դուրս չեն գալիս, չեն շփվում ոչ մի անասունի հետ, որ մյուսներից վարակվեն։ Իրենց էլ  էս հարցը տվեցի, ասում են, մենք էլ ուզում հասկանանք ինչից է։ Էհ, մինչև դուք հասկանանք, մենք կսննկանանք, կպրծնինք»։

Կրասարի մեկ այլ բնակիչ Գագիկ Համբարձումյանն էլ պատմեց, որ 10 կով էլ ինքն ունի, նոյեմբերին արյուն են վերցրել, ոչ մի հիվանդ կենդանի չի ունեցել ու հիմա եկել են, թե անասուններդ բրուցելոզով վարակված են։

«Մսուրային շրջան է, կովերը գոմի ներսում կապած են, էդ ինչպես առանց շփման վարակվեցին, ինչպես հասկանանք, էդ ինչ հեքիաթ է։ Գյուղնախարար կա, տեղակալ կա, դա իրենց պատասխանատվության տակ է, գան, մի հատ հետաքրքրվեն, վերջը սա մի ամբողջ համայնքի հարցն է, գյուղը լրիվ վարի է գնում, սովի է մատնվում, ո՞վ է սրա պատասխանատուն։

Չեմ հասկանում՝ էս ի՞նչ հեքիաթ է, էս բարդակ եք սարքել երկիրը։ Բրուցելոզը չի կարող մի ամսվա տարածվել ողջ գյուղով, էն էլ մսուրային շրջանում, բացառված է, եթե էդպիսի նախարար կա գալստուկով, գա, իմ հարցին պատասխանի, կասեմ՝ հալալ լինի իրեն։ Անտերության է մատնված, էսքան բան։ Եթե արոտի շրջան լիներ, էլի ասեինք մեկը մյուսից վարակվեցին»։

Գյուղի բնակիչները պատասխանատուներից պահանջում են գալ ու հատ-հատ պատասխանել իրենց հետաքրքրող բոլոր հարցերին, այդ թվում նրան, թե ինչու սպանդանոց չկա մարզում։ Նրանք նաև  ասում են՝ չեն հավատում պետական լաբորատորիայի պատասխանին, դժգոհում են, որ մի մասնավոր լաբորատորիա չի մնացել։

«Ես իրենց պատասխանին չեմ հավատում, մի հատ սեփական լաբորատորիա չեն թողել, որ տանեմ, իմ անասունի արյունը ստուգել տամ, տեսնեմ ճի՞շտ է, թե՞ սուտ է։ Ում հարցնում եմ, ասուն են, մեզ լիցենզիայից զրկել, փակել են, ինչի՞ ես փակել, որ դու քո  սև գործն անե՞ս», -ասում է Գագիկ Համբարձումյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Հովհաննիսյան says:

    Դա դես սկիզբն է
    Աշոցքի Կրասար գյուղի բնակիչներին լավ չեն ճանաչում

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31