«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Դատելով ԱՄՆ տարբեր պաշտոնյաների արձագանքից, որոնք Թրամփին ու Վենսին մեծարում են` պնդելով, որ պաշտպանել են ԱՄՆ ժողովրդի ու պետության շահերը, քանի որ «Զելենսկին իրենց դրդում է սկսել միջուկային պատերազմ Ռուսաստանի դեմ, 3-րդ համաշխարհային պատերազմ սանձազերծել» եւ այլն, երեկվա սադրանքը եւ Զելենսկուն ստորացնելու ակտը, թերեւս, ուներ առնվազն երկու նպատակ։
ԱՌԱՋՆԱՅԻՆ նպատակն այս ստորացման ակտի, կարծում եմ Զելենսկուն ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ դրդելն է, ու դրա համար հիմնավորումներն այլեւս շատ են` «Զելենսկին անարգել է ԱՄՆ-ն եւ նախագահին» եւ նրա հետ բանակցել այլեւս չեն պատրաստվում (Թրամփի գրառման այս հատվածը` He disrespected the United States of America in its cherished Oval Office)։
Սա պատճառ կարող է լինել զարգացնելու հիմնական խոսույթը հենց Ուկրաինայի ներսում` եթե ցանկանում եք խաղաղություն եւ աջակցություն ԱՄՆ-ի կողմից` փոխեք բանակցողին, սրանով, թերեւս, Թրամփը, եւս մեկ խաղաքարտ կունենա Պուտինից այլ հարցում որեւէ զիջում կորզելու (անշուշտ, ոչ ի օգուտ Ուկրաինայի, այլ` իր բիզնես շահերին համահունչ)։
Կարդացեք նաև
Բայց մեկ այլ նպատակ եւս կարծում եմ կա, քանի որ չեղարկվեց նաեւ հազվագյուտ հանքերի մասով համաձայնագրի ստորագրումը, չնայած տարբեր աղբյուրներ միջազգային մամուլի հրապարակել էին, որ ամեն ինչ համաձայնեցված է, եւ փաստաթուղթը լիովին պատրաստ էր ստորագրման, բայց նաեւ շեշտում էին, որ այս գործարքում Թրամփն իր մաքսիմալ նպատակին չի հասել ու շաբաթներ առաջ Զելենսկու մերժումը ստանալուց հետո ստիպված զիջումների են գնացել, իսկ բիզնեսում նա զիջել չի սիրում։
Հետեւաբար չենք կարող բացառել, որ հետո, երբ ԱՄՆ այլեւս դադարեցնի աջակցությունը, իսկ երեկվա Թրամփի գրառումը, թերեւս հենց դրա մասին էր, այս գործարքի շուրջ բանակցությունները Զելենսկին մեկնարկելու է շատ ավելի վատ դիրքից, ու Թրամփը կհասնի իր նախնական նպատակին` հանքերի ողջ ծավալի եւ ամբողջական շահագործման։