Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը և այլք:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Ֆրանսիայից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն և նրա խորհրդական Ժան Պիեռ Կոտչյանը գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանն էլ իր հերթին Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնեց իր հեղինակած «Սատանայի գործը» կտավը:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ