«Սենտիմենտները սենտիմենտ, բայց նաև պետք է փորձենք գործել բանաձևերով, և մենք փորձում ենք գործել բանաձևերով»,- փաստմանը՝ Բաքվում մեր հայրենակիցները խոշտանգվում են, նրանց նկատմամբ իրականացվողի հետ կապված որպես երկրի ղեկավար և ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր եք իրականացնում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նաև նշեց՝ զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները, զգացմունքները կիսում ու հասկանում է․ «Հասկանում եմ այն մարդկանց պահանջները, որոնք արվում են։ Այդ ուղղություններով արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ։ Բայց ուզում եմ մենք արձանագրենք՝ աշխարհն ավելի լավ իմանալու և ճանաչելու խնդիր ունենք։ Մեզ թվում է՝ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք ու ձևակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու, որից հետո հարցը լուծվելու է։ Այդպես չէ։ Այս և մյուս բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք։ Հիմա՝ առավել ևս ժամանակակից աշխարհն իրեն ավելի տեսանելի է դարձնում»։
Հարցին՝ կնշե՞ք այն դիվանագիտական քայլերից գոնե մեկ-երկուսը, որոնք կիրառվում են Բաքվում պահվող հայ պատանդներին վերադարձնելու համար, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Մենք բանակցություններում՝ այդ թվում նաև Ադրբեջանի հետ, բոլոր այդ հարցերը բարձրացնում ենք։ Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, քանի որ արդյունք չեն տվել։ Ուզում եմ հիշեցնել 2023-ի վերջին իրադարձությունները, երբ մինչև վերջին վայրկյանն այդ ջանքերը չէին երևում․ մինչև պաշտոնապես բացահայտում չեղավ, չէին երևում։ Մինչև վերջին վայրկյանը չէինք շտապում հրապարակել, քանի որ չգիտեինք՝ այդ ջանքերն արդյունք տալո՞ւ են, թե՝ ոչ։ Խորհրդարանում ընդդիմությունն ասում է՝ սենց ասեք, նենց ասեք։ Ես, եթե համոզված լինեմ, կամ գոնե 70 տոկոսից բարձր վստահություն ունենամ, որ դա օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չէ դա ասելը։ Բայց ես 100 տոկոս վստահություն ունեմ, որ էդ ասելը վնաս է տալու գործին ու այդ մարդկանց։ Ես ասում եմ՝ մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ, որ նրանց նկատմամբ կիրառվում են խոշտանգումներ, արդեն իսկ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են։ Դուք էլ կարող եք ասել, թե բա ինչո՞ւ մինչև հիմա ԱԳՆ-ն նման հայտարարություն չէր անում։ Չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգման միջոցների կիրառում և այլն։ Ինչու ենք հիմա անում, քանի որ տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, քանի որ դա արդեն տեղի է ունեցել։ Սրանում է ամբողջ պատմությունը»։
Խաղաղության պայմանագրի գործընթացների հետ կապված էլ ասաց․ «Մենք Ադրբեջանի պատասխանը կստանանք, դրանից հետո տեղի կունենա ավելի մանրամասն բացահայտումը։ Դա կարող է տեղի ունենալ երկու պատճառով։ Ադրբեջանը համաձայն է, և արդեն դա պետք է հրապարակայնացվի և Ադրբեջանը համաձայն չէ․ դա մեզ ինչ-որ առումով բարոյական իրավունք կտա հրապարակելու»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ