Բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ դիտում էի ԱՄՆ նախագահ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու մամուլի ասուլիսը եւ հանկարծ հիշեցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Ուժեղները՝ արդար, թույլերը՝ պաշտպանված» կարգախոսը, որով անվանի օլիգարխի հապճեպաստեղծ քաղաքական ուժը 2007 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավն էր անում։
Ժամանակին այս կարգախոսի մասին գրել եմ, հիմա էլ նույն կարծիքի եմ, որ սա ո՛չ խոստում է, ո՛չ պատվիրան, այլ փաստի արձանագրում։
Որ մարդկությունը բաժանված է ուժեղների եւ թույլերի, գիտենք, դպրոցում պատմություն անցել ենք։ Որ ուժեղները քիչ են, թույլերը՝ շատ, չենք քննարկում, այդպես է։ Որ ԱՐԴԱՐ-ությունը վերացական է, իսկ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ լինելը՝ կարիք, երբեմն անգամ էկզիստենցիալ կարիք, կարծում եմ կհամաձայնեք։
Թրամփն ուժեղ է։ Թրամփն ի՞նչ է ասում։ Ասում է՝ ես խաղաղարար եմ եւ ունեմ խաղաղության իմ պատկերացումը (արդարություն), իսկ դու պաշտպանված կլինես, որովհետեւ երբ ես քո հողի վրա իմ պատկերացումն իրականացնելիս լինեմ, սատանան անգամ չի փորձի քեզ զրկել պաշտպանվածությունից։
Կարդացեք նաև
Զելենսկին չի ասում՝ ես էլ եմ ուժեղ, չի ասում՝ «пошел к/на…», ես իմ հարցերն ինքս կլուծեմ։ Զելենսկին ասում է՝ ուժեղը դու ես, խաղաղարարը դու ես, բայց հարցը պիտի արդարությամբ լուծես, որ Ուկրաինան իրեն պաշտպանված զգա։
Չհասցրեցի մեկ առ մեկ հաշվել, բայց Թրամփն ամբողջ ասուլիսի ընթացքում մի քանի տասնյակ անգամ օգտագործեց deal (сделка, գործարք) բառը՝ չկասկածելով անգամ, որ խաղաղարարությունն ու գործարքը պարզապես հակոտնյա են։
Գործարքը մեկի կամ գործարք կնքող մեկերի շահն է սպասարկում, իսկ պաշտպանվածության կարիք ունեցողները… «пошли к/на…»։
Թրամփն անընդհատ խոսում էր նրա մասին, որ ի՛ր նախագահ լինելու դեպքում ա՛յս պատերազմը չէր սկսվի, որ ի՛նքը, հենց ինքն է կանխել բազմաթիվ պատերազմներ, որոնց անունները չի կարող տալ, որովհետեւ դրանք չեն եղել, բայց մոռանում է կամ չի ուզում հիշել, որ իր պաշտոնավարման առաջին շրջանում է Ադրբեջանը երկու անգամ խախտել է 1994-ի հրադադարը։ Դե, գուցե հիշում է ու մտածում, որ առաջին դեպքում (2016 ապրիլ) ինքը երկուամսական նախագահ էր, իսկ երկրորդի դեպքում (2020 սեպտեմբեր) քարոզարշավի մեջ էր ու ժամանակ չուներ։
Եթե հոգով խաղաղարար է, պետք է սաստեր Ադրբեջանին, կանգնեցներ պատերազմն ու ասեր՝ ես եկել եմ / գալիս եմ ու բերել եմ կամ կբերեմ ի՛մ խաղաղությունը։
Այնպես որ հույս կապել, որ Թրամփը խաղաղարար է եւ նոր պատերազմ թույլ չի տա, առնվազն միամտություն է։ Deal անելու կարիք լինի, deal կանի… Ռուսաստանի հետ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Իսրայելի հետ եւ էլի ում հետ ասես։
Վերջում պետք է առաջարկեմ ազգային սնապարծության քրմերին դոլարի կանաչը, coffee machine-ը, ATM-ը ստեղծողների անունների կողքին ավելացնել նաեւ Գագիկ Ծառուկյանին, որը երբ սենց հանճարեղ միտք էր ձեւակերպում, Թրամփն անգամ չգիտեր՝ 9 տարի հետո ինքը նախագահ դառնալու է, թե՝ ոչ։