Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը
Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի հանդիպումը, որին ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը, նաեւ այլ պաշտոնյաներ, բազմաթիվ լրատվամիջոցներ, ըստ էության անցել է աննախադեպ կոպիտ:
Հավանաբար շատերդ տեսել եք արդեն տեսանյութերը, ծանոթացել եք հաղորդագրություններին:
Ընդ որում, հանդիպումը կարծես թե սկսում էր բավականին լավ: Թրամփը Զելենսկուն դիմավորեց մուտքի մոտ: Բայց հանդիպման ընթացքում հանկարծ ծավալվեց լարվածություն եւ Զելենսկին պարզապես ենթարկվեց ուժգին, աննախադեպ գրոհի:
Կարդացեք նաև
Ամենից էականը Թրամփի հայտարարությունն էր, թե՝ «եկա եզրահանգման, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»:
Սա, ըստ իս, նշանակում է, որ Զելենսկու վրա է բարդվում պատերազմի շարունակությունը: Կարծում եմ, որ ամերիկյան տեխնոլոգները բավականին հմտորեն կազմակերպել են լարվածությունը Սպիտակ տանը՝ Զելենսկուն հմտորեն ներքաշելով բավականին դաժան մի ծուղակ, որի վերջում Թրամփը անում է իր եզրահանգումը, այսինքն, ինչպես նշեցի՝ պատերազմի շարունակությունը, ըստ այդմ նաեւ հետեւանքը բարդում նրա վրա:
Հիմա գլխավորը: Էր Ռիյադում բանակցությունից հետո իմ անդրադարձներում ես նկատեցի, որ կարծես թե քննարկվել է պատերազմի շարունակության միջոցով որոշակի վերադասավորումների տարբերակ, երբ սակարկության քաղաքական համաձայնությունները հնարավոր է իրագործել միայն պատերազմի միջոցով: Այդ գրառումներիցս մեկի հղումը կարող եք տեսնել հենց այս գրառմանս վերեւում: Ընդ որում, հետո արեցի մեկ այլ գրառում՝ նկատելով, որ Էր Ռիյադի հանդիպումից հետո Թրամփը ուժգնացրել է գրոհը Զելենսկու հանդեպ, ինչը հաստատում էր առաջին եզրակացությունս:
Նախօրեին, Լավրովը Դոհայում, Պեսկովը Մոսկվայում հայտարարում են, որ Ռուսաստանի Սահմանադրությամբ «ներառված» տարածքները չեն կարող լինել սակարկության առարկա: Սա նշանակում է, որ Ուկրաինայի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը Ռուսաստանը շարունակելու է համարել իրենը եւ դրանց վերաբերյալ չի գնալու որեւէ փոխզիջման: Ամբողջ հարցն այն է, որ այդ շրջանների ոչ բոլոր տարածքներն են օկուպացված: Մինչդեռ Ռուսաստանը հայտարարում է, որ կողմնակից չէ պարզապես հրադադարին, կհամաձայնի միայն ամբողջական լուծումներ ենթադրող դադարին:
Եվ ուրեմն առաջանում է հարց՝ մինչեւ պատերազմի դադարը դրանք որեւէ կերպ տրվելո՞ւ են Ռուսաստանին: Իսկ ինչպե՞ս, եթե ոչ պատերազմով:
Սա իհարկե իմ ենթադրությունն է, որ բխեցնում են պրոցեսի դրվագները համադրելով եւ տրամաբանության իմ սխեման կազմելով:
Բայց համենայնդեպս կարծում եմ, որ հենց այդ սցենարի համար պետք է պատասխանատու, եւ ով, եթե ոչ Զելենսկին, այլ կերպ ասած՝ պարզապես արդեն իսկ վառված, խփված խաղաքարտը:
Համենայնդեպս, հետեւենք: Բոլոր դեպքերում որեւէ կերպ չեմ կարողանում հավատալ, որ իրավիճակը Սպիտակ տանը պարզապես կարող էր այդ աստիճան դուրս գալ վերահսկողությունից եւ վերածվել «բազարի»: Հետեւաբար, կարծում եմ դա բոլոր դեպքերում հմտորեն մշակված «բազար» էր:
Գուցե եւ բոլորովին այլ նկատառումներով կամ պլանով, բայց հմտորեն «հյուսված» թակարդ: