Վերջին տարիներին իշխանությունների կողմից արվե՞լ են արդյոք գործնական քայլեր՝ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը հավասարակշռելու, Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու, արեւմտյան շուկա մտնելու, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ․ մեր հարցին տնտեսագետ Ատոմ Մարգարյանը պատասխանեց․ «Ե՛վ արվում են քայլեր, ե՛ւ անհրաժեշտ ծավալով չեն արվում: Ընդհանուր տնտեսական քաղաքականության մոդելն է խոցելի։ Կառավարությունն այդպիսի երկարաժամկետ, նույնիսկ՝ միջնաժամկետ ծրագրեր կազմելու հնարավորությունից իրեն զրկել է, ինչո՞ւ, որովհետեւ երբ Փաշինյանն իշխանության եկավ, պետական պարտքի այդպիսի ճնշում, ծախսերի, հատկապես սոցիալական ծախսերի այդպիսի մակարդակ գոյություն չուներ, եւ, այո, հնարավորություններ եղել են դիվերսիֆիկացնելու։ Բայց այսօր ունենք մի իրավիճակ, որ մեր տնտեսության գերակշիռ մասը վերստին հիմնված է ծառայությունների վրա, հանքաքարի արդյունահանման վաճառքի, առեւտրի վրա, այսինքն՝ այնպիսի գեներացնող աշխատատեղեր, որոնք ունեն ավելացված արժեքի մեծ մասնաբաժին, բարձր տեխնոլոգիական են, համաշխարհային ճանաչում ստացած բրենդներ են՝ ստեղծված այս ժամանակաշրջանում, անշուշտ, չկան։ Միակ «բրենդը» խաղաբիզնեսն է, որը մեծ շրջանառություններ է գեներացնում եւ, ըստ էության, կասկածահարույց, օֆշորային սխեմաների մեջ թաթախված բիզնես է»։
Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին իշխանությունների հայտարարությունները, տնտեսագետի գնահատմամբ, միայն աթոռը պահպանելու խնդիր են լուծում, տնտեսական ցուցանիշները հակառակն են արտացոլում։ Եվրոպական ստանդարտներին ոչ միայն մեր տնտեսությունը չի ձգում, այլեւ դրանց մասին խոսելն է ավելորդ, եվրոպական շուկան էլ՝ երազանք. «Եթե իրավիճակն այս իներցիոն ընթացքով առաջ գնա, տասնամյակներ կպահանջվեն, որ Հայաստանը մոտենա ԵՄ նվազագույն ստանդարտներին, այսպես կոչված՝ մուտքի ստանդարտներին։ Դա վերաբերում է ե՛ւ տեխնոլոգիաներին, ե՛ւ արտադրողականությանը, ե՛ւ 1 շնչի հաշվով եկամտին, կարգավորումներին, բնապահպանական, ֆիտոսանիտարական, բոլոր-բոլոր ստանդարտներին, որոնք ընդունված են ԵՄ-ում։ Հայաստանը դրանցից հեռու է կիլոմետրերով։ Բոլոր այն հայտարարությունները, թե մենք հիմա կվազենք, կհասնենք, հանրաքվե կանենք… բայց հանրաքվեներով չեն լինում, պետք է տեղավորվես նվազագույն չափանիշների մեջ։ Եթե անգամ եվրոպական շուկան այսօր բացի իր դռները, Հայաստանն այնտեղ անելիք չունի՝ առաջիկա 5, 10, 25 տարվա ընթացքում»։
Թվերը փաստում են՝ Հայաստանն այսօր մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, սակայն այդ կախվածությունն էլ է գնալով թուլանալու, իսկ եվրոպական շուկան շարունակելու է անհաղթահարելի մնալ հայ արտադրողի համար, այդ ժամանակ մեր տնտեսությունը ոչ նախանձելի վիճակում է հայտնվելու․ «Այդ կախվածությունը, հատկապես՝ թանկարժեք մետաղների, ոսկու վերաարտահանումներով, ինչպես նաեւ՝ այլ շուկաներից բարձրտեխնոլոգիական արտադրանքի՝ Հայաստանով ՌԴ արտահանումների բազմապատկումն էր, օրինակ՝ կենցաղային տեխնիկա, սմարթֆոններ, չիպեր: Հիմա դրանք փուչիկներ են, որ պայթում են՝ Թրամփ-Պուտին ջերմացման ֆոնին: Եթե ուշադրություն դարձնեք հունվար ամսվա թվերին, ինչպիսի՞ն է եղել Ռուսաստանից ներմուծում-արտահանումը` 40 տոկոսով անկում կա, եւ դա բնական է, սանկցիաները շուտով ամբողջովին կհանվեն, ի դեպ, այդ հոսքերը փոքրաթիվ մարդկանց են հարստացրել, դրանք հարկունակ չեն եղել, պետությունն այդքան խելք ու կարողություն չունեցավ՝ հավուր պատշաճի հարկեր այդ եկամուտները»։
Ամփոփելով՝ Ատոմ Մարգարյանն ասաց․ «Այս տարածաշրջանում գոյատեւելու համար պետք է ունենալ մոբիլիզացիոն հզոր տնտեսություն, էժան պետական ապարատ, հաշվետու, պատասխանատու իշխանություն եւ այլն»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում